«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը
Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
Այս անգամ Արցախ ճանապարհվեց 200 տոննա ալյուր:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամը Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր, 211,000 կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձեթ:
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախի հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով որոշում կայացվեց Արցախի ժողովրդին ապահովել առաջին անհրաժեշտության սննդամթերքով:
Հիշեցնենք, որ 2021-2022 թթ.–ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր:
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1500 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով: