
Վարդենիս համայնքի դպրոցականը առաջին մրցանակով է վերադարձել Մոսկվայում կայացած նկարչության միջազգային մրցույթից

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 14 տարեկան ինքնուս նկարիչ Իննեսա Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «ART-PANARAMA» միջազգային մրցույթին եւ «Բնանկար» անվանակարգում զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջազգային մրցույթից հաղթանակով տուն վերադարձած տաղանդավոր նկարչուհուն վերջերս ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ նրան հանձնելով համայնքապետարանի պատվոգիրը եւ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
«Իննեսան Վարդենիս համայնքի, Լուսակունք գյուղի անունը եւ պատիվը բարձր է պահել միջազգային մրցույթում։ Նման տաղանդավոր երեխայով ոչ միայն պետք է հպարտանանք, այլ նաեւ պետք է աջակցենք ու քաջալերենք` ակնկալելով, որ նա դեռեւս կունենա նորանոր հաջողություններ, կանցնի ստեղծագործական հարուստ ճանապարհ»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան