Թեհրանի և Էր Ռիադի միջև Պեկինի միջնորդությամբ կապերի հաստատումը փոխում է ռազմավարական իրադրությունը տարածաշրջանում. Քիսինջեր
Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրադրությունը Մերձավոր Արևելքում։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Washington Post-ի արտաքին քաղաքական մեկնաբան Դեյվիդ Իգնեյշեսին տված հարցազրույցում։ «Ես դա դիտարկում եմ որպես Մերձավոր Արևելքի ռազմավարական իրադրության զգալի փոփոխություն: Սաուդցիները հավասարակշռում են իրենց անվտանգությունը` ԱՄՆ-ն հանելով Չինաստանի դեմ», – ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը։
Քիսինջերի կարծիքով՝ Չինաստանի կողմից խաղաղության միջնորդի դերի ստանձնումը ,փոխում է միջազգային դիվանագիտության լիազորությունների շրջանակներըե: «Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակից լինի աշխարհակարգի ստեղծմանը: Այժմ երկիրը կարևոր քայլ է կատարել այդ ուղղությամբ», – հավելել է քաղաքական գործիչը:
Նախկին պետքարտուղարը նշել է, որ Չինաստանն ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում։ Խոսելով Թեհրանի դեմ իսրայելական կողմի ձեռնարկած միջոցների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ «Իրանի վրա ճնշում գործադրելիս այժմ պետք է հաշվի առնել Չինաստանի շահերը»։
Քիսինջերը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1973-1977 թվականներին։ 1969-1975 թվականներին եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական։ Իգնեյշեսն ինքը հրապարակման մեջ արձանագրել է, որ Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև համաձայնությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն «այլևս անփոխարինելի տերություն չէ տարածաշրջանում»։
Մեկնաբանի կարծիքով՝ դա «կանխատեսում է բազմաբևեռայնության սկիզբը» Մերձավոր Արևելքում։
Սաուդյան Արաբիա-Իրան բանակցությունները սկսվել են Բաղդադում՝ երկու տարի առաջ: Որոշ հանդիպումներ տեղի են ունեցել Օմանում: Իգնեյշեսը հոդվածում մեջբերում է աղբյուրների տվյալներ, որոնց համաձայն՝ մարտին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցություններում խոստովանել է, որ Թեհրանն աջակցում է Եմենում «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ուժերին, և համաձայնել է դադարեցնել նրանց զենքի ուղարկումը։
Ըստ աղբյուրների՝ իրանական կողմը խոստացել է ուղղակիորեն կամ իր վերահսկողության տակ գտնվող ուժերի միջոցով հարձակումներ չկատարել Սաուդյան Արաբիայի դեմ։
Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ: Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, որոնց արդյունքներով ընդունվել Է եռակողմ հայտարարություն։
Այնտեղ նշվել է, որ Թեհրանը և Էր Ռիադը հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաև ծրագրում են վերսկսել համագործակցությունն առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ոլորտներում: