Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է

Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ հինգշաբթի օրը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը սիրիական կարգավորման շուրջ տեխնիկական պատճառներով հետաձգվել է։

Ավելի վաղ թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաալիքը հաղորդել էր, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում, մարտի 15-16-ին։ Ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, թե հույս կա, որ փոխնախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այս շաբաթ։

«Հանդիպումը, որը պլանավորվել Էր այսօր, հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Նոր ժամկետը դեռ հայտնի չէ»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ սեփական աղբյուրների։

Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Թուրքիան, որը մինչ այդ սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, անցել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները մնում են բարդ։

Սակայն վերջին ժամանակներս երկու կողմերը, ինչպես նաև առանձին որոշ լրատվամիջոցներ սկսել են խոսել հարաբերությունների աստիճանական կարգավորման հնարավորության մասին։ Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար պլանավորվել Է Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում։

Հունվարին Անկարան առաջարկել էր, որ նման հանդիպում կարող է կայանալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև պլանավորված բարձր մակարդակի բանակցություններին։

Տեսանյութեր

Լրահոս