Բաժիններ՝

Այս պահի դրությամբ 1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լավարկող փաթեթ է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա։

«Այս պահի դրությամբ արդեն ունենք 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է: Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնն ունենք 450 հազար դրամի չափով վարձատրվող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ից մեկնարկել է դիմումների ընդունումը արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար, որով երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժները հնարավորություն ունեն դիմելու և կամավոր ատեստավորման արդյունքում իրենց վարձատրությունը բարձրացնելու:

«Մարտի 9-ից ընդունում ենք մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- եզրափակեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս