2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Կառավարությունը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները մեղմացնելու նպատակով կսուբսիդավորի «Վեոլիա Ջուր» ընկերության ծախսերը։ Արդյունքում՝ 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ մնալով 200 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։
«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին հարցը ներառված էր Կառավարության նիստի օրակարգում։
Այս նպատակով Կառավարությունը «Վեոլիա Ջուր» ընկերությանը կտրամադրի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 208.419 դրամ սակագնից՝ 7.949 դրամի չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 177.156 դրամ սակագնից՝ 6.756 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 31.263 դրամ սակագնից՝ 1.193 դրամի չափով:
Նշվում է, որ Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց, իսկ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծում:
2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ։
Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 29-ի նիստում համապատասխան որոշմամբ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը մնաց անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200 դրամի փոխարեն՝208 դրամ: