
Արիզոնայում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից Արիզոնայի արևմուտքում՝ Մոհավի շրջանի Տոպոկ քաղաքի մոտ, Կալիֆորնիայի և Նևադայի սահմանից ոչ հեռու:
Դեպքի մասին հաղորդում է ստացվել մարտի 15-ին, երեկոյան ժամը 8-ից հետո: Նշվում է, որ վտանգավոր նյութերի արտահոսքի մասին տեղեկություններ չեն ստացվել: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան մարմինները:
New York Times-ը նշում է, որ Ազգային օդերևութաբանական ծառայությունը Տոպոկ քաղաքում պտտահողմի վտանգ էր հայտարարել մինչև չորեքշաբթի երեկո, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք վթարի պատճառ է դարձել վատ եղանակը:
Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի սկզբին թունավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս էր եկել ռելսերից Օհայոյի Իսթ Փելեսթայն քաղաքի մոտ: Միջադեպի հետևանքով հրդեհ էր բռնկվել, քաղաքի բնակիչները տարհանման հրահանգ էին ստացել, փակվել էին դպրոցները, ճանապարհները:
Եվս մեկ գնացք ռելսերից դուրս էր եկել մարտի 4-ին: Գնացքում վտանգավոր նյութեր չկային, սակայն, ըստ պարբերականի, միջադեպը խորացրեց մտահոգությունները՝ կապված երկաթուղային անվտանգության հետ: