Բաժիններ՝

Բրիտանիան 12,6 մլն դոլար կհատկացնի Վրաստանին և Մոլդովային՝ արտաքին միջամտությանը հակազդելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը հակազդելու նպատակով։

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլևերլին այս մասին պաշտոնապես կհայտարարի մարտի 16-ին և 17-ին Քիշնև և Թբիլիսի կատարելիք այցերի ընթացքում: Ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ ֆինանսավորումը պետք է օգնի երկրներին՝ դիմակայելու Ռուսաստանի «չարամիտ ազդեցությանը»։

«Միացյալ Թագավորությունը պասիվ չի հետևի, թե ինչպես է Մոսկվան կոպտորեն խարխլում նրանց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է Քլևերլին այցից առաջ: Մոլդովան կստանա լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 12 միլիոն դոլար) պետական ​​կառավարման բարենորոգման և տնտեսական վերափոխումների համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:

Իսկ Վրաստանը կստանա «նոր ֆինանսավորում հաջորդ տարվա ընտրությունների անվտանգությունն ուժեղացնելու համար»: Լոնդոնը 500 հազար ֆունտ ստեռլինգ (600 հազար դոլար) կտրամադրի Վրաստանին՝ 2024 թվականին նախագահի «ազատ և արդար ընտրություններ» ապահովելու և այդ գործընթացն արտաքին միջամտությունից պաշտպանելու համար։ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ երկիրն ավելի վաղ 12 մլն ֆունտ (14,5 մլն դոլար) էր հատկացրել Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարի համար։

Եվս 10 միլիոն ֆունտ (12 միլիոն դոլար) ուղարկվել է ՄԱԿ-ի գծով՝ հանրապետությունում ուկրաինացի փախստականներին օգնություն ցույց տալու նպատակով: Փետրվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել Էր երկրում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին և խորհրդարանին կոչ արել լրացուցիչ լիազորություններ տրամադրել հատուկ ծառայություններին։ Նրա խոսքով՝ հանրապետության պետական ​​իշխանությունները հաստատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեղեկատվությունը Մոլդովայի ներքաղաքական իրավիճակին Ռուսաստանի միջամտության ենթադրյալ ծրագրերի մասին։

Իր հերթին ТАСС-ը հիշեցնում է, որ փետրվարի 14-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ Քիշնևի հայտարարությունները «Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի ծրագրի» մասին ապացուցելի չեն։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Կիևի կողմից նման ապատեղեկատվություն տարածելու իրական նպատակը «Քիշնևին Ռուսաստանի հետ կոշտ առճակատման մեջ ներքաշելն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս