Ալիևը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, գրում է interfax.ru-ն։
«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Բաքվի և Անկարայի հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում։
«Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա մարտի 16-ին։