
Լիբիայում 2,5 տոննա ուրան է «կորել». ՄԱԳԱՏԷ

Լիբիայի տարածքում գտնվող օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան անհետացել է: Նման հայտարարություն է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)՝ անվտանգության և զենքի տարածման վերաբերյալ մտահոգությունների տեղիք տալով:
Լրատվամիջոցը շեշտում է, որ բնական ուրանը չի կարող ուղղակիորեն օգտագործվել էներգիայի արտադրության համար կամ ծառայել որպես վառելիք ռումբի համար, քանի որ հարստացման գործընթացի համար հարկավոր է մետաղը վերածել գազի, այնուհետև պտտել այն ցենտրիֆուգներում՝ հասնելու հարստացման անհրաժեշտ մակարդակների:
Այնուամենայնիվ, ինչպես նշում են փորձագետները, տեխնոլոգիական միջոցներ և ռեսուրսներ ունեցող խմբի կողմից ձեռք բերվելու դեպքում յուրաքանչյուր 1 տոննա բնական ուրանը ժամանակի ընթացքում կարող է վերածվել միջուկային զենք ստանալու համար պիտանի մինչև 5,6 կիլոգրամ նյութի: Հետևաբար, միջուկային զենքի չտարածման հարցերով մասնագետների համար անհետացած մետաղի հայտնաբերումը չափազանց կարևոր է:
Վիեննայում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մարտի 15-ին տեղեկացրել է անդամ երկրներին անհետացած ուրանի մասին: ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ կիրականացվեն հետագա գործողություններ օբյեկտից ուրանի դուրսբերման հանգամանքները և դրա ներկայիս գտնվելու վայրը պարզելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: