Մինչև 2030 թվականը գյուղական բոլոր բնակավայրերում կլինեն գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ
Հայաստանի բոլոր գյուղական բնակավայրերում կլինեն գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ ունեցող կրթահամալիրներ, որոնց թիվը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 156-ի։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։
«Գործողությունների պլանով նախատեսված է, որ Կապան խոշորացված համայնքի օրինակով գյուղական բնակավայրերում կունենանք գործող որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ ունեցող կրթահամալիրներ, որոնց թիվը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 156-ի։
Բոլոր խոշորացված համայնքներում նախատեսում ենք ապահովել 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայությունները, որը նաև էական ազդեցություն կունենա աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ 2030 թվականին պլանավորում են, որ Հայաստանի բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն ունենան օգտվելու դպրոցական սննդի ծրագրից։
«Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարից բոլոր մարզերի 1-ից 4-րդ դասարանի 104 հազար երեխա օգտվում են դպրոցական սննդի ծրագրից՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Եվ այստեղ խնդիր ունենք Երևանում ևս հասանելի դարձնել այդ հնարավորությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։