«Նիկոլն այնքան չկա, որ ապացուցի՝ գելն է ոչխարին ուզում ուտի, ոչխարը մեղավոր չէ, և բերել է շուն, որ դա ապացուցի»․ Արմեն Աշոտյան

«Երբ Նիկոլն ասում է՝ Արցախի ժողովրդի իրավունքներ, և հետո նշում են, թե դրա մեջ ինքնորոշման իրավունքն էլ է մտնում, չկա նման բան, Հելսինկյան եզրափակիչ ակտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առանձին իրավունք է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։

Նա անդրադարձավ ԵՄ առաքելության վերաբերյալ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դիտորդները եկել են, այդ թվում, ստուգելու՝ հո Ռուսաստանն ու Հայաստանը չե՞ն պատրաստվում Ադրբեջանի վրա հարձակվել․ «Այսինքն՝ Նիկոլը սրանով ստորագրում է, որ ինքը քաղաքական առումով այնքան իմպոտենտ է, որ իր դիվանագիտությունն այնքան չկա, այնքան Արարատ Միրզոյան ու Արմեն Գրիգորյան է, որ ինքը եվրոպացիներին բերում է այստեղ, որ նրանք համոզվեն, որ հայերը ճիշտ են, ադրբեջանցիք՝ սխալ։ Նա այնքան չկա, որ ապացուցի՝ գելն է ոչխարին ուզում ուտի, ոչխարը մեղավոր չէ, և բերել է շուն, որ դա ապացուցի։ Մենք բերել ենք դիտորդական առաքելություն՝ շուն, որը հսկելու է մի փաստ, որ ոչխարը՝ ի դեմս մեզ, մեղավոր չէ, որ գելն ուզում է վրան հարձակվի, գելն է մեղավոր՝ ի դեմս Ադրբեջանի։ Ի՞նչ եք ուզում այսպիսի դիվանագիտություն որդեգրած մարդուց»։

Ասուլիսի՝ կոռուպցիայի վերաբերյալ հատվածի վերաբերյալ Արմեն Աշոտյանը հետևյալն ասաց․ «Հատկապես պատերազմից առաջ և հետո եղել են տասնյակ հրապարակումներ այն մասին, թե ինչպես է աշխատում կոռուպցիոն մեխանիզմը։ Ապացո՞ւյց եք ուզում՝ խնդրեմ․ պետական բյուջեի մի մասը գնում է գնումների վրա։ Պետությունը մեզանից փողերը քերում է, կազմում է բյուջե, հետո այդ փողով ինչ-որ բան է առնում բոլորիս համար, գնումներ է անում։ Այդ գնումների հսկայական բյուջեի հսկայական կտորն առնվում է մեկ անձից՝ առանց մրցույթի, առանց տենդերի, առանց գինը սակարկելու։ Նիկոլենք այս միլիարդավոր դոլարների գործարքները գիտեն՝ ումից են առնելու։

Երբ մեկ անձից են գնում, դա համարվում է ծայրահեղ միջոց, այսինքն՝ դու պետք է հիմնավորես՝ ինչու ես մեկ անձից գնում։ Որպես կանոն՝ դա երկու դեպքում է լինում՝ կամ ահավոր շտապում ես ու պետք է մեկ անձից առնես, որ հասցնես, բայց այդ դեպքում էլ կան կրիտերիաներ։ Երկրորդ՝ միայն ինքն է բերում այդ ապրանքից կամ ծառայությունից, ու ստիպված ես իրենից գնել։ Նիկոլենց այս 5 տարվա բյուջեների համալիր բաշխման մոտ 70 տոկոսը մեկ անձից է։ Սրանից ավելի համակարգային կոռուպցիայի մասին վկայող ցուցանիշ չկա աշխարհում։ Մեկ անձից գնումների այսպիսի ցուցանիշը վկայում է այն մասին, որ կա համակարգային կոռուպցիայի լեգիտիմ կասկած, ռիսկերի հիմք»։

 

Տեսանյութեր

Լրահոս