Վարդան Ղուկասյանի շնորհիվ հարստացած ազգականը՝ Վարդան Ղուկասյանի դեմ, կամ՝ իբր չես ասում «հարևանի» անունը
Մարտի 11-ին Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ժամանակ «Վարդենի ջերմոց» տնտեսության համահիմնադիր ու համասեփականատեր Ցոլակ Չադրյանը ֆորումին մասնակցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի աշխատաոճին՝ դժգոհեց, որ բյուրոկրատական քաշքշուկ է տիրում հողերի ձեռքբերման, ուղղակի վաճառքի ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացման հետ կապված, տեղեկացրեց, որ կլրանա իր դիմում տալու մեկ տարին։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ Ցոլակ Չադրյանին դիմելով, ասաց՝ հարևանիցդ համաձայնություն բեր:
Վերջինս շրջանցեց «հարևանի» թեման ու օրենքից ինչ-որ վկայակոչում կատարեց: Նաև ասաց՝ քանի որ ընդհանուր օգտագործման տարածք չէ, որևէ հարևանից ուղղակի թույլատրություն վերցնելու կարիք չկա։ Քաղաքապետը նորից հակադարձեց․ «Բա պատուհանի տակի հարևա՞նը»։
«Պատուհանի տակի հարևանի թեման» կրկին հաջողությամբ շրջանցվեց, ինչից հետո Ցոլակ Չադրյանը նշեց, որ քաղաքապետարանում կա պաշտոնյա, որը հատուկ ծնվել է «տոռմուզ» անելու քաղաքի քաղաքաշինական գործերին։
«Ռուչնոյ տոռմուզ է»,- այսպես բնութագրեց գործարարը։ Նա անուն չհնչեցրեց, ասաց՝ բոլորը գիտեն այդ պաշտոնյայի անունը, սակայն փոխարենը հնչեցրեց մականունը, և դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել։
«Առավոտը», լուսաբանելով թեման, գրել էր, որ Ցոլակ Չադրյանը ևս եղել է քաղաքապետարանի պաշտոնյա, եկամուտների պետի պաշտոնն է զբաղեցրել Վարդան Ղուկասյանի օրոք (նախկին քաղաքապետի ազգականն է)։
Ինչևէ, Ցոլակ Չադրյանը համառորեն չտվեց իր այն «հարևանի» անունը, ում թույլտվությունը անհրաժեշտ էր, որպեսզի իր հարցը դրական լուծում ստանար:
Ի դեպ, Չադրյանի նշած «տոռմուզ տվող» պաշտոնյան Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հենրիկ Գասպարյանն է, որի մականունը «Տոռմուզ Հենդո» է:
Բայց այս պատմության մեջ հետաքրքիրը քաղաքապետարանի պաշտոնյան չէ, այլ հարցը բարձրացնող գործարարը՝ Ցոլակ Չադրյանը, ու նրա ներկայացրած խնդիրը և հատկապես՝ նրա կողմից այդպես էլ չբարձրաձայնված «պատուհանի տակի հարևանի» անունը:
Ինչևէ, 168.am-ի՝ Գյումրիի աղբյուրները հետաքրքիր մանրամասներ հայտնեցին այս պատմության տողատակերի մասին:
Պարզվում է՝ Ցոլակ Չադրյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր թոռն է, իսկ «պատուհանի տակի հարևանը»՝ հենց Վարդան Ղուկասյանը:
Այսինքն՝ Ցոլակ Չադրյանի շինարարությանը խոչընդոտող անձն իր հորեղբոր թոռն է՝ Վարդան Ղուկասյանը, ում անունը չտալու համար գործարարն անընդհատ տալիս էր Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի անունը: Եթե ավելի պարզ ասենք, Գյումրու քաղաքապետարան Ցոլակ Չադրյանը բողոք է ներկայացրել իր հարազատի՝ Վարդան Ղուկասյանի դեմ:
Գյումրու մեր աղբյուրների խոսքով՝ Վարդան Ղուկասյանն է ժամանակին Ցոլակ Չադրյանին նշանակել Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստի պաշտոնում:
«Ցոլակ Չադրյանն այդ ժամանակ միլիարդներ է աշխատել, Գյումրի քաղաքի կենտրոնում ահռելի տարածքներ է ձեռք բերել: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կողքը կառուցել է «Պիանո» եռահարկ սրճարանը: Ու հիմա Վարդան Ղուկասյանի շնորհիվ այդ ամենին տեր դարձածը բողոք է գրում նրա դեմ»,- ասաց 168.am-ի՝ Գյումրիի աղբյուրը:
Ամենևին չենք ուզում մտնել մատի ու մատանու արանքը ու վերլուծել ներընտանեկան խնդիրների պատճառները, սակայն Գյումրին Մոսկվա չէ, և երբ մի հարց բարձրաձայնում ես, պետք է պատրաստ լինես, որ դրա ակունքների մասին քաղաքապետից մինչև շարքային գյումրեցի տեղյակ են ու կարող են բարձրաձայնել, թե իրականում ինչու է աղմկում Ցոլակ Չադրյանը: