
Ավստրալիան AUKUS-ի շրջանակներում մինչև հինգ միջուկային սուզանավ կգնի ԱՄՆ-ից

Ավստրալիան Virginia դասի մինչև հինգ միջուկային սուզանավ կգնի ԱՄՆ-ից՝ AUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) գործընկերության շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«2020-ականներին դուք կսկսեք տեսնել Ավստրալիայում ամերիկյան և բրիտանական սուզանավերի կանոնավոր ռոտացիոն տեղակայում: Իսկ դրանից մի քանի տարի անց՝ 2030-ականների սկզբին, նախատեսվում է Virginia դասի երեք սուզանավի մատակարարում ԱՄՆ-ից Ավստրալիա, անհրաժեշտության դեպքում դա հնարավոր կլինի ավելացնել մինչև հինգի», – ասել է Ջեյք Սալիվանը ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպումից առաջ։
2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Սքոթ Մորիսոնը և Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էին անվտանգության բնագավառում նոր եռակողմ գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին:
AUKUS-ի առաջին խոշոր նախաձեռնությունը պետք է լինի Ավստրալիայի համար միջուկային սուզանավի կառուցումը:
Սա կտրուկ բացասական արձագանք առաջացրեց Փարիզում, քանի որ դրա պատճառով Կանբերան հրաժարվեց ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի կառուցման պայմանագրից, որի գումարն, ըստ տարբեր տվյալների, կազմում էր 60-ից մինչև 90 միլիարդ դոլար: Ավելի ուշ Ֆրանսիայում հայտարարեցին, որ կրկին վստահելի հարաբերություններ են հաստատել ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ։