
Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերացնել Լաչինի շրջափակումը

Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ: Այս մասին նշվում է Համաշխարհային Ավետարանչական դաշինքի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդհանուր քննարկման ընթացքում հնչեցված համատեղ հայտարարությունում :
«Դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարումը վտանգի տակ է դրել հազարավոր կյանքեր: Այն ազդում է սննդի, բժշկական օգնության և պարագաների, ինչպես նաև այլ կենսական նշանակության ապրանքների խիստ կարիք ունեցող 120 000 հայ խաղաղ բնակիչների ապրուստի վրա: Էներգամատակարարումը նույնպես բազմիցս խափանվել է՝ բնակչությանը թողնելով սահմանափակ վառելիքի, ջերմության և էլեկտրականության պայմաններում և խոչընդոտելով դպրոցների ու հիվանդանոցների գործունեությանը՝ սաստիկ ցրտի պատճառով», – նշված է հայտարարությունում:
Վերոնշյալ կազմակերպություններն ընդգծում են, որ շրջափակումը խախտում է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագիրը, ըստ որի միջանցքը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը՝ ապահովելով քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը միջանցքով և երաշխավորելով անարգել հումանիտար մուտքը՝ հրատապ կերպով մեղմելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տառապանքները և նպաստելու մարդու հիմնարար իրավունքներից լիակատար օգտվելուն՝ առանց որևէ խտրականության», – եզրափակել են Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: