
ԱՄՆ-ում երկու խոշոր բանկ է փակվել. Բայդենը զբաղվում է ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կանդրադառնա երկրում ստեղծված բանկային ճգնաժամին, որի պատճառով ԱՄՆ կարգավորող մարմինները մի շարք արտակարգ միջոցառումներ են առաջարկել: Բանն այն է, որ ԱՄՆ-ում փակվել են խոշորագույն բանկերից Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, ինչը կարող է ավելի մեծ համակարգային ճգնաժամ առաջացնել:
Սա բանկային համակարգի ամենամեծ տապալումն է 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր: ԱՄՆ նախագահի տնտեսական թիմը շաբաթ և կիրակի օրերին կարգավորող մարմինների հետ աշխատել է մի շարք միջոցառումների շուրջ, այդ թվում՝ երաշխավորելով դեպոզիտներ երկու բանկերում էլ, արտակարգ ֆոնդերի հասանելիություն և արտակարգ իրավիճակում Դաշնային պահուստներից գումար փոխառնելու գործընթացի հեշտացում:
Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ամերիկացիներին վստահեցնելով, որ իրենց բանկային դեպոզիտները հասանելի կլինեն ցանկացած պահի, երբ նրանք դրանց կարիքն ունենան:
Պարբերականը նշում է, որ բանկային նոր օրենքներ ընդունելու առումով Բայդենը կարող է դժվարությունների առաջ կանգնել, քանի որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները: