Գևորգ Պետրոսյանը ՁՊՎ-ում է. սպասում ենք, որ մեր մասնակցությամբ ապացուցողական գործողություններ անեն. Րաֆֆի Ասլանյան
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ պարեկային ծառայության կողմից ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը։
Եվ թեպետ «Լուրերին» Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն ասել էր, նա կասկածվում է բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար, ակնհայտ է, որ պարեկները քաղաքական գործունեության հետ առնչություն չեն կարող ունենալ, և Գևորգ Պետրոսյանի ձերբակալումը միայն ծառայողական օրինական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու համար է։
168.am-ի տեղեկություններով` երբ ԱԺ նախկին պատգամավորը հարցրել է` ինչու են իրեն կանգնեցրել, որևէ փաստ, ապացույց կա՞, որ ինքը խախտում է կատարել, պարեկները պատասխանել են` անկանոն ես վարում։
Մեզ հետ զրույցում Գևորգ Պետրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանն ասաց` Գևորգ Պետրոսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանձակազմի հատկանիշ չկա, ձերբակալումն ապօրինի է։
«Գևորգ Պետրոսյանը գիշերվանից ՁՊՎ-ում է, հիմա սպասում ենք, թե ինչ ապացուցողական գործողություններ պետք է իրականացվեն մեր մասնակցությամբ։ Մի բան փաստ է. Գևորգ Պետրոսյանի գործողությունները ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում»,-ասաց Րաֆֆի Ասլանյանը։