Բաժիններ՝

Հայաստանն այժմ նորարարական վերազինման ճանապարհին է․ Տիգրան Խաչատրյանը ՝ «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար›› միջոցառմանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ՝ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը կազմակերպել էր «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար›› միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիեն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթը, ՀՀ կառավարության և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն էր, ամփոփելով «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները, խթանել դրանց շուրջ պետական լիազոր մարմինների, ոլորտի փորձագետների և գործարար համայնքի միջև երկխոսությունը՝ հնարավոր լուծումների ուրվագծման և համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:

Միջոցառման երեք պանելային քննարկումների ընթացքում պետական և մասնավոր հատվածները ներկայացնող բանախոսներն անդրադարձան ոլորտի առաջնային և առավել հրատապ խնդիրներին, որոնք ներառում էին hմուտ աշխատուժի պակասը, Հայաստանի բուհերում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասնագիտացումներում կրթության որակը և Հայաստանում տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի կատարելագործմանն առնչվող հարցերը:

«Հայաստանն այժմ տնտեսության ավանդական ոլորտների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է: Այս տեսանկյունից՝ տեխնոլոգիական առաջընթացի և տարբեր ոլորտներում տեխնոլոգիական լուծումների ներդրման կարևորությունը դժվար է գերագնահատել։ Առաջնորդվելով այս գիտակցմամբ՝ Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել մրցունակ էկոհամակարգի ամրապնդման ուղղությամբ, որը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովման, այնպես էլ տեղական ստարտափ ընկերությունների կողմից հաջողություններ գրանցելու համար»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրայանը:

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերությունները ծավալել են կառուցողական երկխոսություն՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին և առաջարկելով անհրաժեշտ լուծումներ: Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին»,- ասել է դեսպան Քվիեն։

«Մեր առաջնահերթություններից է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործարար միջավայրն առավել բարենպաստ դարձնելու գործում։ Այդ նպատակով, մեր լիազորությունների շրջանակում և հասանելի գործիքակազմով լսելի ենք դարձնելու գործարարների ձայնը պետական կառավարման մարմիններում, որպեսզի պետության կողմից առաջարկվող լուծումները բխեն անմիջապես պրակտիկ օրինակներից և նպաստեն գործարարների կողմից բարձրացված խնդիրների համակարգային լուծմանը»,- նշեց «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյան:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Հայաստանի գործարար միջավայրի բարելավում›› ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը և մասնավոր հատվածին՝ պետություն-մասնավոր երկխոսության միջոցով, բարելավելու քաղաքականությունը, օրենքներն ու կանոնակարգերը, որոնք անհրաժեշտն են ներդրումները, առևտուրը և մրցունակությունը խթանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս