Բաժիններ՝

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կհնչեցնի Բախի յոթ մոտետները

«Հովեր» պետական կամերային երգչախումբը մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով:

Կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի յոթ մոտետները, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում ներկայացվում են առաջին անգամ:

Խմբավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ ինչպես «Հովեր» պետական երգչախմբի գործունեության բոլոր շրջաններում, այսօր ևս, ծրագրերը մշակվում են ըստ ներկայումս երգչախմբի կազմում ընդգրկված երգիչների ունակությունների, ձայնային առանձնահատկությունների և հմտությունների, ինչպես նաև նրանց կողմից այս կամ այն ծրագրին անդրադառնալու առաջարկների։

«Անցյալ տարեվերջին Երևանում և Թբիլիսիում «Վրաստանի սիմֆոնիետտայի» հետ համատեղ երգչախումբը հաջողությամբ հանդես եկավ նոր ծրագրով, որի շարունակությունը կարելի է համարել Բախի յոթ մոտետները մեկ համերգային ծրագրում ներկայացնելու նախաձեռնությունը։ Ժամանակը կարճ է, և բոլորս հասկանում ենք, որ Գերմանիայում ձևավորված խմբերգային երաժշտության ավանդույթների հարյուրամյակների ընթացքում հղկված ոճին ու մտածողությանն անդրադառնալը մարտահրավեր է։ Կարծում եմ՝ արժե անգամ ձախողվել, բայց գնալ այս ճանապարհով։ Ինչպես ասել է Սենեկան՝ իրական հաճույքը բարդությունն է»,-նշում է Հովհաննիսյանը:

«Հովեր»-ը գործունեության տարբեր շրջաններում կատարել է Բախի բազմաթիվ կանտատներ. 2000-ականներին՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մաթևոսի» օրատորիաները, (դիրիժոր՝ Զ. Վարդանյան):

«Առաջին կատարումների մեջ, չնայած բոլոր անկատարությունների, կա մի անկրկնելի բան, որը հետագա՝ առավել հմուտ կատարումների ժամանակ երբևէ չի կրկնվում, իսպառ անհետանում է»․ ասաց նա։ «Ուրեմն՝ եկեք»․ խնդրեցի։

«Այսօր մենք առանձնահատուկ օրեր ենք ապրում։ Կարդում ենք, լսում բազմաթիվ հրաշալի կատարումներ՝ անվերջ փորձելով յուրացնել այս պարտիտուրները, որոնք իրենց ողջ հարստությամբ ու հմայքով ներխուժել են մեր կյանք՝ այն դարձնելով ոգեղեն ու պրոֆեսիոնալ առումով բացառիկ։ Բախի երաժշտությունը «հույս է և ամենաանկեղծորեն չհնացող նախասկիզբ», (ընկերներիցս մեկի խոսքով) քրիստոնեական մշակույթի կենդանի ներկայություն, պարզապես մտերիմ ընկեր ու սփոփանք, համամարդկային երաժշտական միջավայրի մեջ յուրաքանչյուրիս մի կաթիլ կյանքի բերկրանքն ապրելու շնորհ։ Բախի մոտետները բազմաթիվ սերունդների երաժշտամտածողության կարևորագույն դպրոց են, հանձինս իր ստեղծողի՝ Բախ-ուսուցչի»,-ընդգծում է խմբավարն ու հավելում՝ օրերս Սվետլանա Նավասարդյանին ասել է, որ բոլորս շատ հուզված ենք և անհանգիստ առաջիկա համերգի կապակցությամբ, նույնիսկ խնդրել է չգալ համերգին։

Խմբավար Նարինե Ոսկանյանն էլ նշում է՝ Բախի յուրաքանչյուր ստեղծագործության անդրադարձը երգչախմբի համար մշտապես լինում է մեծ սպասումով և սրտի թրթիռով: «Բախն այն գագաթն է, որին հասնելով, կարողանում ես ինքնամաքրվել, մոտենալ Աստծուն, խորհել հավիտենության մասին և զգալ կատարելության ուժը: Բախն իր ողջ կյանքն ապրեց ծառայելով Աստծուն, և անգամ մահվան և հուղարկավորության առիթներով գրված այս մոտետներում մենք կարող ենք տեսնել այն մեծ հավատն Աստծո հանդեպ, որը շարժիչ ուժ էր Բախի համար: Մահը դիտել ոչ թե կյանքի ավարտ, այլ հավիտենականության սկիզբ, ոչ թե սգալու, այլ մխիթարություն գտնելու և Աստծուն միանալու միջոց: Այստեղ մենք կտեսնենք ցնծություն, փառաբանություն, աղոթք և ապաշխարություն»,-շեշտում է նա:

Ոսկանյանը Բախի երաժշտությունը գոթական տաճար է համարում, որտեղ արտաքուստ թվացող գերհագեցված պոլիֆոնիկ պատկերներն ու բոլոր զարդարանքներն իրենց ճիշտ դերաբաշխումների շնորհիվ ստանում են այնպիսի թեթևություն, ինչպիսին ստացել է գոթական տաճարն իր կամարների ճիշտ օգտագործման շնորհիվ:

Նրա խոսքով՝ երբեմն թվում է, թե Բախը փորձել է կատարողի առջև դնել անհաղթահարելի թվացող խնդիրներ, երկարաշունչ ֆրազներ, որոնց կատարումն անշուշտ երաժշտից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ և ոճի իմացություն: «Դրա հետ մեկտեղ Բախի երաժշտությունն այնպիսի ներդաշնակություն ունի, որ նման է մի վարարող գետի, տանում է կատարողին իր անհուններով` անտեսելով բոլոր բարդությունները: Եվ հենց այդ ժամանակ էլ արթնանում է այն ոգին, որն ամենաէականն է հատկապես Բախի ստեղծագործությունների դեպքում: Բախի երաժշտության մեջ այնքան պատկերայնություն կա, որ այն սկսում է նմանվել նաև գեղանկարին: Սա գալիս է բառի հանդեպ Բախի վերաբերմունքից, թե ինչպես է նա կարողանում յուրաքանչյուր բառի առոգանությունն արտահայտել երաժշտության մեջ: Յուրաքանչյուր երաժշտական միտք, տեխնիկական հնարք արտահայտվում է՝ ենթարկվելով տեքստի բովանդակությանը: Ահա այս ամենը գերում է մեզ՝ երաժիշտներիս, յուրաքանչյուր անգամ անհագ ծարավով անդրադառնալ Բախի ստեղծագործություններին, ևս մեկ անգամ հնարավորություն ունենալ խոսել Աստծո հետ երաժշտության միջոցով: Բախի երաժշտությունը կրոն է, որ մենք դավանում ենք»,-եզրափակում է Նարինե Ոսկանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս