
Հակոբ Սերոբյանը Հայաստանի առաջնության արդյունքները հուսադրող է համարում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը երկրի առաջնության արդյունքներից գոհ է և այն համարում է նախապատրաստական փուլ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից առաջ:
«Շատ ուրախացնող ելույթներ ունեցան մեր երիտասարդները: Բնական է, որ սխալներ կան, որոնք կշտկենք: Մեծ ակնկալիքներ ունենք երիտասարդների աշխարհի առաջնությունից: Եթե այս կերպ մասնակցեն, ապա շատ հուսադրող է»,-ասաց Սերոբյանը:
Հայաստանի առաջնությունն անցկացվեց այն նույն օրերին, երբ Բաքվում անցկացվում է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, ինչը հնարավորություն տվեց հավաքականի անդամներին պահել մարզավիճակը: Հայաստանի այս տարվա առաջնությանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Մարտի 11-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը երկշաբաթյա հավաք կանցկացնի Թբիլիսում, որից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այն կկայանա Թուրքիայում: