Բաժիններ՝

Ֆրանսիայում գործադուլներ և ցույցեր են անցկացվում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ

Ֆրանսիայի ամբողջ տարածքում այսօր գործադուլի են դուրս եկել տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ աղբահանությամբ զբաղվողները, կոմունալ ծառայությունների աշխատողները և գնացքավարները: Գործադուլավորներն իրենց բողոքն են հայտնում կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու օրինագծի դեմ:

Այս շաբաթ օրինագիծը քննարկվում է Ֆրանսիայի Սենատում: Փարիզում և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սպասվում է ավելի քան 250 ցույց: Արհմիությունները սպառնացել են զանազան ոլորտներում գործադուլների միջոցով կաթվածահար անել Ֆրանսիայի տնտեսությունը: Բողոքի ալիքի նպատակն է կառավարությանը ստիպել հրաժարվել օրինագծից:

Associated Press-ը հայտնում է, որ մի շարք նավթավերամշակման գործարաններում գործադուլների պատճառով մարտի 7-ին Ֆրանսիայում դադարեցվել են նաև նավթի առաքումները:

Փարիզում աղբահանողները հայտնել են անժամկետ գործադուլի մասին և փակել են մուտքը դեպի մայրաքաղաքի հարավում գտնվող այրման կայան, որն ամենամեծն է Եվրոպայում:

Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում չեղարկվել է թռիչքների մեկ հինգերորդը: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում խափանվել է երկաթուղու աշխատանքը: Գործադուլի են դուրս եկել նաև ուսուցիչներ և պետական աշխատողներ:

Օրինագիծը նախատեսում է թոշակի տարիքը բարձրացնել 62-ից 64-ի, ինչպես նաև պահանջում է մինչև 2030 թ.-ն ունենալ 43 տարվա աշխատանքային փորձ՝ ամբողջական թոշակ ստանալու համար: Կառավարությունը փաստարկում է, որ մեկ տասնամյակի ընթացքում համակարգը կբախվի լուրջ խնդիրների հետ, քանի որ Ֆրանսիայի բնակչությունը ծերանում է, իսկ կյանքի տևողությունը՝ երկարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս