Ճապոնիայում ուղեծիր արձակվող նոր հրթիռի անդրանիկ թռիչքը տապալվել է, հրթիռն ինքնաոչնչացման հրահանգ է ստացել
Ճապոնիայի նոր H3 հրթիռի առաջին թռիչքը տապալվել է, քանի որ երկրորդ փուլի շարժիչում բռնկում տեղի չի ունեցել: Մեկնարկից 15 րոպե անց հրթիռին հրահանգվել է ինքնաոչնչանալ:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը որոշել է հրթիռի ինքնաոչնչացման հրահանգ տալ, քանի որ այն չէր կարող ավարտել իր առաքելությունը:
Ըստ տիեզերական գործակալության հայտարարության՝ հրթիռի բեկորներն, ամենայն հավանականությամբ, ընկել են ծովում՝ Ֆիլիպինների արևելյան ափին: Ընկող բեկորների պատճառած վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության նախագահ Հիրոսի Յամակավան ներողություն է խնդրել հանրության ակնկալիքները չարդարացնելու համար՝ նշելով, որ գործակալությունը կփորձի պարզել խնդրի պատճառը և կրկին ձեռք բերել հանրության վստահությունը:
H3-ի թռիչքի տապալումից առաջ հրթիռի մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել էր տարբեր խնդիրների պատճառով:
Kyodo-ն հիշեցնում է, որ այսօրվա մեկնարկի տապալումը ևս մեկ հարված է երկրի տիեզերական գործակալությանը, որի ավելի փոքր՝ Epsilon-6 հրթիռին հրահանգվել էր ինքնաոչնչանալ անցյալ տարվա հոկտեմբերին՝ մեկնարկից րոպեներ անց, քանի որ այն շեղվել էր նախատեսված հետագծից:
Տոկիոն այսօրվա տապալված առաքելության միջոցով մտադիր էր ուղեծիր հասցնել Advanced Land Observing Satellite-3-ը, որը Ճապոնիայի իշխանությունների համար կարևոր գործիք կդառնար աղետների կառավարման գործում: Արբանյակը նաև կրում էր պաշտպանության նախարարության սենսոր, որը կարող էր հայտնաբերել ինֆրակարմիր ճառագայթի երկու տեսակ: Գերատեսչությունը ցանկանում էր ստուգել՝ արդյոք այդ սենսորը կարող է հայտնաբերել բալիստիկ հրթիռների մեկնարկները: