Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը հաստատել է ՇՀԿ-ին անդամակցելու Թեհրանի վճռականությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ հանդիպմանը հաստատել է ՇՀԿ-ին միանալու և կազմակերպության աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու Թեհրանի վճռականությունը։

«Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երկուշաբթի օրը, կեսօրից հետո ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպմանը նշել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունն ու լրջությունը ՇՀԿ-ին մասնակցության և ակտիվ դերակատարության հարցում», – ասվում Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավարությանը Իրանի անդամակցության գործընթացին աջակցելու համար։

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին նշել է, որ Իրանը կարող է կարևոր դեր խաղալ կազմակերպությունում և զարգացնել հարաբերությունները նրա մյուս անդամների հետ։ 2022 թ. սեպտեմբերի 15-ին իրանական կողմը Սամարղանդում հուշագիր Է ստորագրել իր պարտավորությունների շուրջ՝ ՇՀԿ-ի անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով, իսկ նոյեմբերի 27-ին Իրանի խորհրդարանն օրինագիծ Է ընդունել կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ:

Պարտավորությունների հուշագրի մասին օրինագծի ընդունումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 25-ին։ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թ.-ին: Դրան մասնակցում են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։

Դիտորդ երկրներ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան։ 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում մեկնարկել է Իրանին կազմակերպության կազմում ընդունելու և Եգիպտոսին, Կատարին ու Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս