
Չինաստանում Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները համարում են գլոբալ ռազմավարական հավասարակշռության երաշխիքը

Ռուս-չինական հարաբերությունները գլոբալ ռազմավարական հավասարակշռության և կայունության երաշխիքն են, այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը Ազգային ժողովրդական կոնգրեսի (Խորհրդարանի) նստաշրջանի շրջանակներում կայացած ամենամյա մամուլի ասուլիսում։
«Չինաստանն ու Ռուսաստանը միասին առաջ են տանում միջազգային հարաբերությունների բազմաբևեռությունը և ժողովրդավարացումը, ինչպես նաև ապահովում են համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը», – ասել է նա։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները կշարունակեն բարձրանալ դեպի նոր բարձունքներ, հավելել է Ցին Գանը։
«Մեր երկրների ղեկավարները սերտ կապեր են պահպանում, երկու երկրների ղեկավարների շփումը ռուս-չինական հարաբերությունների կողմնացույցն է: Նրանց ռազմավարական ղեկավարության ներքո մեր համապարփակ ռազմավարական գործընկերության և համագործակցության հարաբերությունները, որոնք նոր դարաշրջան են թևակոխում, կշարունակեն նոր բարձունքների հասնել», – նշել Է նա։
Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները պետք է ամրապնդվեն աշխարհում աճող անկայունության ֆոնին, կարծում է Ցին Գանը։
«Որքան ավելի շատ անկայունություն և անհանգստություն լինեն աշխարհում, այնքան ավելի կայուն պետք է զարգանան չին-ռուսական հարաբերությունները», – ասել է նա: