Բաժիններ՝

Երևանում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։

Նախնական տվյալներով՝ երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։

Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- նշված է գրառման մեջ:

Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս