«Մտավախություն ունենք, որ ձյան հալվելուց հետո թուրք շները նորից կհարձակվեն». Սոթքի բնակիչներ
«Թշնամին նորից ակտիվացել է, գրեթե ամեն օր կրակոցների ձայներ ենք լսում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք գյուղի բնակիչները:
Նրանց խոսքով՝ վերջին օրերին կրակոցները սովորականից ավելի երկար են տևում:
«Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո շատ քիչ են եղել կրակոցները, երևի պայմանավորված նաև եղանակով, քանի որ սարերում ձյուն է: Հիմա նորից սկսել են ակտիվանալ կրակոցները, մտավախություն ունենք, որ ձյան հալվելուց հետո թուրք շները նորից կհարձակվեն:
Անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, բայց մարտի 5-ին Սոթքի դիրքերում ահագին կրակեցին, ձայները պարզ լսվում էին: Առավոտյան իմացանք, որ այլ ուղղություններով էլ են կրակել»,- պատմեցին գյուղացիները:
168.am-ին հայտնի դարձավ, որ նույն օրը՝ մարտի 5-ին, թշնամին հրաձգային զինատեսակից կրակել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Ամսի 5-ին, ժամը մոտավորապես 22:00-22:30-ի սահմաններում կրակել են դիրքերի ուղղությամբ, բայց բարեբախտաբար վիրավորներ չունենք: Կրակոցները դարձել են սովորական բան, բնակիչների մոտ խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված»,- ասաց Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներից մեկ ուրիշը: