Մենք միջնորդ չենք, մենք Երևանի ու Բաքվի գործընկերն ենք. Պետդեպ

Մենք հետևում ենք մարտի 5-ին Ղարաբաղում տեղի ունեցած փոխհրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Ցավակցում ենք վիրավորների և մահացածների ընտանիքներին։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։

Այս պահին տարածաշրջանում է ԱՄՆ Պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է։ Եվ, ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,- ասել է Նեդ Փրայսը։

«Մենք երկու երկրների համար գործընկերոջ դեր խաղացինք՝ հեշտացնելով եռակողմ սկզբունքով փոխգործակցությունը արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ղեկավարների մակարդակով։ Մենք պատրաստ ենք՝ լինի երկկողմանի, եռակողմ, թե բազմակողմ հիմքով, շարունակել գործընկեր լինել կայուն խաղաղություն կառուցելու ջանքերում։

Մենք չենք պատրաստվում ընդդիմանալ միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք։ Մենք երկու երկրների գործընկեր ենք։ Կարծում եմ, որ մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին մերձեցնելու մեր կարողությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լրացուցիչ առաջընթացին նպաստելու մեր պատրաստակամությունը։

Մենք դա չենք անում Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք դա անում ենք այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորման և լուծման համար, և, ցավոք, վեճի, որն անընդհատ կյանքեր է խլում, ինչպես եղավ մարտի 5-ին։ Այստեղ մենք շահագրգռված ենք խաղաղությամբ և անվտանգությամբ։ Սա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս