Տեղեկություն կա, որ կարմրուկի տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող․ Թորոսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում կարմրուկի դեմ չպատվաստված բուժաշխատողներին պատվաստվել և տուրք չտալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններին։ Թորոսյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Ինչպես Առողջապահության նախարարությունից այսօր նշեցին, կարմրուկի դեպքերը եղել են բերովի, սակայն նաև լոկալ տարածում են ստացել, ինչը շատ ցավալի է: Վաղուց նման իրավիճակ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք բերովի դեպքեր, որոնք լոկալ մնում էին և չէին տարածվում։ Հիմա փաստորեն ունենք լոկալ տարածումներ և իմ տեղեկություններով՝ այն հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին։ Նաև մի տեղեկություն կա, որ այդ տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող, ինչը ինքնին ցավալի է»,- ասաց Թորոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը իրականում կոչված են քաղաքացիներին օգնելու դիմակայելու հիվանդություններին, բայց, ըստ Թորոսյանի՝ երբեմն նրանք ևս տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին։
« Փաստորեն ոչ միայն իրենք (բժիշկները- խմբ․) չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, այլ նաև ուրիշներին կոչ են անում չպատվաստվել։ Փաստացի ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ։ Այո, բարեբախտաբար, ունենք պատվաստման բարձր ցուցիչ՝ ԿԿԽ-ի ծածկույթը տատանվում է 90-ից 95 տոկոսի շրջանակներում, բայց, այնուամենայնիվ, այդ հինգ տոկոսը բավականին մեծ թվով քաղաքացիներ են։ Հետևաբար, ամեն դեպքում բոլոր չպատվաստված քաղաքացիները պետք է պատվաստվեն։ Մեր գործընկեր բժիշկներին կոչ եմ անում տուրք տալ իրենց ակադեմիական գիտելիքներին և ոչ թե տարատեսակ համացանցային նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։ Դուք պարտք ունեք փրկելու կյանքեր, այլ ոչ թե վտանգի տակ դնելու այդ կյանքերը», ընդգծեց Թորոսյանը։