«Մեր երեխեքի կտրած նպաստների՞ց պետք է բյուջե լցնեն, սեղանից բլյուդ է պակասել». քաղաքացին՝ իշխանությանը

ՊՆ նախկին շենքի բնակիչ Ռուզաննա Պողոսյանը ՊԵԿ-ի դիմաց ՊՆ նախկին շենքի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց, որ վրանի տակ են ապրում, ամեն ինչի կարիք կա, բայց իրենք իրենց խնդիրները կարողանում են լուծել, պարզապես եկել են ՊԵԿ՝ իրենց հարցերի պատասխաններն ստանալու:

«Մեզ ոչ մի պատասխան դեռ չեն տվել, ոչ ոք չունի մեր հարցերի պատասխանները: Ում դիմում ենք՝ ոչ ոք չի կարողանում շարադրել իրենց բառերը նորմալ, որ կարողանան մեր հարցերի պատասխանները տալ: Միայն այն կասեմ, որ 2016 թվից այդ շենքերը, որ այդտեղ ավերված մնացել են և ժողովուրդը կամաց-կամաց սկսեցին այդտեղ ապրել, նո՞ր իրենց պետք եկան այդ շենքերը, չէ՞ որ մինչև այդ կարող էին այդ շենքը վերցնել, երբ այդտեղ ժողովուրդ չէր ապրում»,- ասաց Ռուզաննա Պողոսյանը:

Նա նշեց, որ իրենց գույքից բան չի մնացել. «Ոստիկանները թալանել են մեր բոլորի գույքերը, ոչ ոք չի կարող հերքել: Եթե ժողովրդին թողնում են՝ ամեն մեկը մտնի իր բնակարան, ու մեր հետ դնում են ոստիկաններ, ասենք՝ ո՞ր մեկը կարա մտնի ուրիշի բնակարանից բան գողանա, դա բացառվում է: Ոստիկաններն են գողերին բռնում, բայց հիմա ես ասել եմ ու էլի եմ ասում՝ մեկը պետք է լինի, որ ոստիկաններին բռնի: Բացի այդ էլ, մնացած բոլոր մարդկանց գույքերը, ովքեր հնարավորություն չունեին տանելու, տարել են՝ լցրել են մի կացարան, այնտեղից գնացել են, որ վերցնեն, տեսել են՝ բոլորը կոտրված: Այնտեղ իր չի եղել, որ այդ մարդիկ կարողանան իրենց վեշերը տանեն, բա դրանց պատասխանն ո՞վ է տալու»:

Պողոսյանը նշեց, որ պայքարելու են մինչև վերջ. «Չե՞ն պատասխանի մեր հարցերին, այս ծայրից այն ծայրը ՊԵԿ-ի շենքն է, բոլորս մեր իրերով կգանք ու այստեղ կբնակվենք, ուրիշ տեղ չունենք գնալու: Եթե իրենք կարողանում են իրենց կարիքները հոգալ, իրենց երեխեքը հաճախում են ամենաթանկանոց դպրոցները, իրենց երեխեքն ուտում են ամենաթանկանոց ուտելիքը, այսօրվա օրով մեր երեխեքը ո՛չ դպրոց են հաճախում, ո՛չ էլ կարողանում են նորմալ մի բան ուտեն: Մեր երեխեքն էլ իրենց երեխեքից պակասը չեն և պահանջում ենք, որ ունենան նման պայմաններ: Կտրել են մեր երեխեքի նպաստները, որպես ի՞նչ, ինչի՞ համար: Աշխատում ենք՝ հարկ ենք մուծում, ամեն մեկի աշխատավարձով բյուջե են չէ՞ լցնում, հիմա ի՞նչ, անցել են երեխեքի՞ նպաստներով բյուջեն լցնեն, խի՞ իրենց սեղանից ինչ-որ բլյո՞ւդ է պակասել, պետք է այդ փողերով այդ բլյուդը լրացնե՞ն: Հերիք է: Թող մարդավարի վերևից իջնեն ու պատասխանեն մեր հարցերին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս