Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով:
Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, «Թվիթեր»-ի իր էջում գրել է.
«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են:
Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: