Նրանց նպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է. Արթուր Թովմասյանն՝ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ագրեսիայի մասին

Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն՝ անդրադառնալով 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ 3 ոստիկան:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարտի 5-ին իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին:

Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:

Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախի ԱԺ նախագահը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս