
Մեծ Բրիտանիայի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը արդարադատության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթևացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը:
Խոսելով՝ հանրային կառավարման բարեփոխումների մասին, նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենիշային է երկրի զարգացման համար և այն Կառավարության առաջնահերթություններից մեկն է:
Նախարարը նշել է, որ Արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով՝ ներկայումս իրականացվում են նաև թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը:
Հանդիպմանը՝ նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության և արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին:
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: