
G20-ի երկրների ԱԳՆ ղեկավարներին չի հաջողվել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի շուրջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման վերջնական ընդհանուր փաստաթուղթը չի հաջողվել համաձայնեցնել Ուկրաինայի իրադրության շուրջ վեճերի պատճառով։
«Ցավոք, չի հաջողվել հավանություն տալ Մեծ 20-յակի բոլոր նախարարների անունից հռչակագրին. մեր արևմտյան գործընկերները, ինչպես մեկ տարի առաջ Ինդոնեզիայի նախագահության օրոք, ձգտել են ամեն տեսակի ճշմարտություններով և խաբեություններով, ամենից առաջ՝ խաբեություններով և տարբեր հռետորական հայտարարություններով, առաջին պլան մղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, որը նրանք, իհարկե, մատուցում են, այսպես կոչված, «ռուսական ագրեսիայի» սոուսի ներքո», – մամուլի ասուլիսում ասել Է նախարարը։
Մարտի 1-2-ին Նյու Դելիում ընթացող G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինայի հարցը: