Դեսպան Մեխիասը բացատրել է, թե ինչու Մեքսիկան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Հայաստանում Մեքսիկայի դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը բացատրել է, թե ինչու Մեքսիկան չի միացել Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին: Դիվանագետը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որպեսզի միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքն արգելափակելու, միջանցքով տրանսպորտի, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար:
Դեսպանն ընդգծել է, որ իրենք չեն հավատում, որ այդ առումով պատժամիջոցները կարող են արդյունավետ լինել՝ բերելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների օրինակը, որը պայմանավորված է Ուկրաինայի պատերազմով:
«Մենք տեղեկացված ենք Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար ճգնաժամի մասին։ Մեքսիկան իր հերթին բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը միջազգային համաժողովների ժամանակ։ Այս խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Մեր երկիրը իրոք ձգտում է խաղաղության և խաղաղության կողմնակից է։ Կարծում ենք, ամենաճիշտ ճանապարհն է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով գտնել խնդրի լուծումն, ու լուծման մեջ գերակայողը պետք է լինի ժողովուրդների շահը։
Մենք չենք հավատում, որ պատժամիջոցներն այս առումով կարող են արդյունավետ լինել։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների սկսվելու հետ կապված շատ երկրներ փորձում էին պատժամիջոցներ կիրառել կողմերի, հատկապես՝ Ռուսաստանի դեմ, բայց Մեքսիկան չի միացել այդ պատժամիջոցներին։
Մեքսիկան միջազգային ֆորումներում բազմիցս մատնանշել է նաև, որ այդ խնդիրը պետք է ազդեցություն չունենա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապրելակերպի և կյանքի որակի վրա։ Մենք բազմիցս կոչ ենք արել Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ այս խնդրին լուծում տալու համար, որովհետև որքան էլ պատժամիջոցներ կիրառվեն, վերջին հաշվով տուժելու է ժողովուրդը։ Դրա վառ օրինակն է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցը, որը իրականում չի տալիս ցանկալի արդյունքը, և իրականում տուժում է միայն ժողովուրդը»,- ասել է դեսպանը։