Բաժիններ՝

Սեւանում իրականացվում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի 2-րդ բաղադրիչը

2022 թվականի աշնանը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի», ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների համատեղ ծրագիրը, որը կրում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» անվանումը։

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) կողմից եւ կիրականացվի քառամյա ժամկետում։

Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացմամբ` ծրագրի երեք հիմնական նպատակներն են՝ տրամադրել աջակցություն ՀՀ ՇՄ նախարարությանը՝ ներդնելու արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա, տրամադրել աջակցություն ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ Սեւան քաղաքում եւ այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ եւ աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը եւ ընդլայնմանը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացման համար ընտրվել է Սեւան քաղաքը:

Նախօրեին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը Սեւան քաղաքում անցկացրել է ֆոկուս խմբային հանդիպումներ, որոնք ամփոփվել են հանրային իրազեկմամբ: Սեւան քաղաքում նախատեսվում է ներդնել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ, իսկ մինչ այդ իրականացվել եւ իրականացվելու են հարցումներ, իրազեկման արշավներ, հանդիպումներ:

Իրազեկման հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի բաղադրիչները, կատարված հեռախոսային հարցախույզի արդյունքները: Հանդիպման մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, ներկայացրել տեղային առանձնահատկությունները, ոլորտային խնդիրները: Հարց ու պատասխանի միջոցով հնարավոր է եղել ստանալ հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

«Իրազեկման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, որը հնարավորություն է ընձեռելու՝ ծրագիրը եւ դրա նպատակները հասցնել բոլորին, ստանալ առաջարկություններ եւ ապահովել ծրագրի կենսունակությունը»,-նշեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս