Ահազանգ. դեռահասները շատ վտանգավոր թմրամիջոցներ են օգտագործում, իսկ մարիխուանայի օրինականացումը կբերի աղետի. Սուրեն Նազինյան
Հայաստանում հաշվառված թմրամոլների թիվն ավելացել է. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 7500 թմրամիջոց գործածող անձ, ինչը 300-ով ավելին է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Հաշվառվածների 70 տոկոսը 30-45 տարեկան անձինք են՝ մեծամասամբ տղամարդիկ. թեև վերջին տարիներին աճ նկատվում է, բայց կանանց թիվը փոքր է՝ 150-ը՝ հաշվառված 7500-ի մեջ։
Ինչ վերաբերում է թմրամիջոցների օգտագործման աշխարհագրությանը, ապա, ավանդաբար, այս հարցում առաջին տեղում է Երևան քաղաքը, որին հաջորդում են Լոռու, Շիրակի, Արմավիրի և Սյունիքի մարզերը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հաայստանում թմրամոլության տարածվածության մակարդակին, նման վիճակագրություն հնչեցրեց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Նա նաևընդգծեց, որթմրամիջոց օգտագործողների թվի ավելացումը պայմանավորված է սոցիալական հարթակների միջոցով թմրամիջոցը հասանելի դարձնելու հանգամանքով։
«Մասնավորապես, դեռահասների հետ կապված, պետք է նշենք, որ, եթե նախկինում դեռահասներին թմրամիջոցները հասու չեն եղել, ապավերջին շրջանում թմրամիջոցները հասանելի են դեռահասներին սոցիալական ցանցերի միջոցով։ Ունենք կենտրոն դիմած պացիենտներ՝ ընդհուպ 18 տարեկան։ Այս հարցում ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխաների վարքագծին, որովհետև դեռահասների շրջանում թմրամիջոցի օգտագործումն առաջացնում է առաջինը՝ հենց վարքային փոփոխություն։ Նրանք օգտագործում են շատ վտանգավոր թմրամիջոցների խումբ, ինչն առաջացնում է գիշերային քնի խանգարում, հյուծվածություն, ախորժակի բացակայություն, մեկուսացում։ Ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է, ինչի օգտագործման դեպքում դեռահասի մոտ առաջնայինն ի հայտ է գալիս ծիծաղկոտություն, աչքերի մեջ՝ կարմրություն, ինչը հնարավոր չէ, որ ծնողը չնկատի»,- ասաց Սուրեն Նազինյանը։
Շարունակելով ներկայացնել մարիխուանայի օգտագործման վտանգավոր հետևանքները՝ Սուրեն Նազինյանը հավելեց, որ այդ տեսակի թմրամիջոցները բազմապիսի են, և աշխարհում կան երկրներ, որոնքօրինականացրել են այս թմրամիջոցի օգտագործումը։
«Սակայն, որպես առողջապահության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մարիխուանայի օրինականացումը Հայաստանում անթույլատրելի է. դա կբերի դեռահասների դեպքում աղետի, որովհետև օրինականացումից հետո չկա երաշխիք, որ դա չի չարաշահվի, իսկ դրա չարաշահումը դեռահաս տարիքում առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Սուրեն Նազինյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում