Փչացած ատամ, շաքարային դիաբետ, գրիպ. սրտի բնածին արատի առաջացման գործոններն ու բարդությունները
«Սրտի բնածին արատի առաջացմանը նպաստում են մի քանի գործոն, առաջինը ժառանգական ծանրաբեռնվածությունն է: Եթե մայրիկն ունի ուղեկցող հիվանդություններ, շաքարային դիաբետ, կարմիր գայլախտ, ապա պտղի մոտ հիվանդացության ռիսկը բարձրանում է: Հղիության ժամանակ ունեցած ինֆեկցիաները, կարմրախտը, գրիպը, մարդու իմունային անբավարարության վիրուսը մինչև 20 շաբաթական ժամկետներում կարող են խնդիր առաջացնել՝ սրտի բնածին արատ»,- Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Պացիենտի դպրոց» դասընթացի ժամանակ «18 տարեկանից բարձր սրտի բնածին արատով պացիենտներ. ո՞ւմ դիմել» թեմայով քննարկման ընթացքում ասաց մանկական սրտաբան Անի Մանուկյանը:
Բժշկի խոսքով՝ սրտի բնածին արատի կարող են հանգեցնել նաև որոշ դեղամիջոցները:
«Թվում է, թե դեղերն անվնաս են, բայց կան դեղորայքներ, որոնք նպաստում են սրտի բնածին արատի առաջացմանը: Երբ մայրը հղիության ժամանակ ծխախոտ, ալկոհոլ է օգտագործում, հավանականությունը քիչ է, բայց այս դեպքում էլ կարող են երեխաները խնդիր ունենալ: Սրտի բնածին արատով հիվանդների 90 տոկոսից ավելին ապրում է հասուն տարիք, դրան գումարվում են պարզ և վիրահատված արատները: Անպայման չէ, որ երբ ունենք սրտի բնածին արատ, վերջ, այն դատավճիռ է մեզ համար: Անկախ նրանից, թե սրտի բնածին արատը ե՞րբ է ախտորոշվել, բոլորն ունեն մինչև կյանքի վերջ հսկողության անհրաժեշտություն: Կարևոր է առանց գանգատներ ունենալու՝ անպայման դիմել բժշկի, լինել հսկողության ներքո»,- նշեց մանկական սրտաբանը՝ հավելելով, որ սրտի բնածին արատով հիվանդը, օրինակ, կախված նրանից, թե շունտը աջից կամ ձախից է տեղադրված, պետք է զարկերակային ճնշման չափումն աջ ձեռքում իրականացնի, որովհետև տատանումներ են լինում: Ձախից երբևէ ճնշում չչափել:
Խոսելով սրտի բնածին արատի ու բարդությունների մասին՝ Անի Մանուկյանը հայտնեց, որ կարող է մարդը ունենալ առիթմիա:
«Ուշ տարիքում արված վիրահատությունների մեծամասնության կամ ցանկացած վիրահատված սրտամկանի դեպքում, երբ գործողություն է արվում, ունենում ենք կարեր, որոնք կարող են բերել առիթմիաների առաջացման: Կարող է լինել սրտային անբավարարություն: Լսած կլինեք ինֆեկցիոն էնդոկարդիտի մասին. փչացած ատամ աշխատեք չունենալ: Շատ ծանր հիվանդություն է, որը կարող է սպառնալ բոլորին: Եթե բերանի խոռոչում, օրգանիզմում անընդհատ ինֆեկցիան շրջանառության մեջ է մտնում, ինֆեկցիան կարող է սրտի բորբոքվածություն առաջացնել:
Բարդություն կարող են առաջացնել թոքային հիպերտենզիան, հաճախակի սուր շնչառական վարակով հիվանդությունները: Եթե ունենում ենք սրտի փոքր անցքեր, միջփորոքային միջնապատ, ռիթմի խանգարումներ՝ կա ինսուլտի հավանականություն: Նախքան հղիություն պլանավորելը պետք է գնահատենք մեր սիրտ-անոթային համակարգը, որովհետև հղիությունը ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար»,- եզրափակեց մանկական սրտաբանը: