Անցած տարվանից ասել եմ՝ զրո արդյունք. Քաղաքապետը` ճանապարհային նշանների մասին
«Ըստ «Ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկանքի՝ «Ժոնգտոնգ» մակնիշի մեկ ավտոբուսի ամսական ծախսը կազմում է 1,5 մլն դրամ, իսկ հասույթը՝ 1,3 մլն դրամ: Բացասական սալդոն 200 հազար դրամ է, 10 ամսվա հաշվարկով 150 ավտոբուսի համար կպահանջվի լրացուցիչ 300 մլն դրամ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նոր ավտոբուսների շահագործման ծախսերը զեկուցեց Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի ներկայացուցիչը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորեց բյուջեն վերանայելիս այդ ամեն ինչը ներառել և ոչ միայն «Ժոնգտոնգ», այլև «Ման» ավտոբուսների մասով նախնական հաշվարկ անել:
«Մենք «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ում «Կամազներ» ունեինք, որոնք չէին աշխատում, և դրանք պետք է վերանորոգել, որպեսզի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը կարողանա օգտվել: Մրցույթ է պետք դնել, ապա ֆինանսական միջոց հատկացնել այդ 4 «Կամազ»-ը վերանորոգելու համար: Մենք ամեն տարի ճանապարհների սպասարկման համար գումար ենք հատկացնում և դրանք Հյուսիս-Հարավի նոր ճանապարհներն են, որոնք անցնում են Երևանի միջով: Պետք է մրցույթ հայտարարել: Այդ ճանապարհների ընթացիկ սպասարկում պետք է անենք, որ միշտ նորմալ վիճակում լինեն: Երեկ քաղաքում պտտվել եմ, խնդիրներ կան: Ճանապարհային նշանների հետ կապված խնդիր կա, անցած տարվանից ասել եմ՝ զրո արդյունք»,- նկատեց քաղաքապետը։