«Մարդիկ մահանում են, մեր գործիքներն ո՞վ է սարքելու․գործիք պատրաստող վարպետներին փոխարինող չունենք». Արա Գևորգյան

«Բարձր մակարդակով անում է այն, ինչ չկա և չի արվում», «Նրա երաժշտությունն անզուգական է, մաքուր ու հայկական»… Այսպես են բնութագրում ոլորտի մասնագետները երաժիշտ, երգահան Արա Գևորգյանին, ում հետ էլ զրուցել ենք ազգային երաժշտությունը տարածելու, ազգային նվագարանների հանդեպ հասարակության անտարբերության, կոչումների և այլ հարցերի շուրջ:

Ձեր երաժշտական ունակությունները բացահայտվել են դեռ փոքրուց: Նախքան դպրոց գնալը, ինչ ֆիլմ դիտել եք, գնացել տուն և նվագել եք: Առանց նոտաներն իմանալու ինչպե՞ս եք նվագել, զուտ հիշողությա՞մբ:

– Տանը դաշնամուր կար: Երբ գնում էինք կինոթատրոն, ֆիլմում լավ երաժշտություն էր հնչում, մնում էր հիշողությանս մեջ, գալիս, սկսում էի վերարտադրել, ու կամաց-կամաց սկսեց ավելի լավ ստացվել, մինչև մեր տուն եկավ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը և մայրիկին ասաց՝ բա Արային երաժշտական դպրոց ինչո՞ւ չեք տանում, շատ լավ է նվագում: Ինքն էլ շարժիչի պես դա սկսեց աշխատեցնել՝ ասելով, որ՝ վաղը գալիս եմ, միասին գնում ենք երաժշտական դպրոց: Եվ այդպես, հաճախեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, ստուգեցին երաժշտական ընդունակությունները, ռիթմը, լսողությունը, և ընդունվեցի:

– Այն ժամանակ տենդենց կար՝ բոլորը սովորում էին երաժշտական դպրոցում:

Կարդացեք նաև

– Այո, այն էլ ինչպես: Խորհրդային տարիներն ինչքան էլ քննադատենք, մշակույթը բարձր տեղում էր, երաժշտական դպրոցները շատ ակտիվ աշխատում էին, և դիմորդները շատ էին: Ընդհանրապես բոլոր ծնողներին խորհուրդ կտամ փոքրիկներին տանել և՛ նկարչության, և՛ պարի, և՛ երաժշտության, և՛ լողի՝ հասկանալու, այդ ջիղը նրա մոտ կա՞, թե՞ ոչ:

5 հարկանի շենքում, որտեղ բնակվում էի, 5-6 հոգի միայն երաժշտական դպրոց էր հաճախում: Բոլորի տներում դաշնամուր կար, իսկ հիմա շատերը դաշնամուրից հրաժարվում են: Նույնիսկ Երևանում գործարան կար, որտեղ կիթառ և դաշնամուր էր արտադրվում: Անուններն էլ՝ «Անուշ», «Կոմիտաս», «Երևան»… Ափսոս, որ դրանք դուրս են գալիս մեր կենցաղից, որովհետև չկա խթանիչ պրոպագանդա:

Մեր դպրոցներում քիչ են փողային գործիքներ նախընտրողները: Մանկավարժական համալսարանի «Երաժշտության ամբիոնի» վարիչն եմ, և ամեն տարի գոռում ենք՝ «Էստի՜ համեցե՛ք, ընդունվեք առանց կաշառքի»: 17 տարի է՝ նույն նախադասությունը կրկնում եմ: Պատկերացրեք, էլի դիմորդները քիչ են, և ստիպված ենք ընդունել վատ նվագող ուսանողի, ոչ բարձր մակարդակ ունեցող, քանի որ նրա ձեռքին թառ կամ քամանչա է: Ասում ենք՝ ավելի լավ է ընդունենք, դարձնենք ավելի լավը, քան չընդունենք, դուրս վռնդենք, դա էլ կվերանա: Բուհերում, քոլեջներում դիմորդներ չկան. բոլորը գնում են կիթառի, դաշնամուրի, մաքսիմում՝ ջութակի, բայց մյուս գործիքները տուժում են:

– «Ազգային երգիչ» նախագիծ կա: Այսինքն, նախընտրում են ժողովրդական երգեր երգել, բայց ազգային նվագարաններով չնվագել: Դա ինչի՞ հետ է կապված: Ժողովրդական երգեր կատարելուց շա՞տ են աշխատում, նվագելուց՝ ո՞չ:

– Միայն մեզ մոտ չէ: Հաճախ միացնում եմ ռադիոալիքները, գործիքային երաժշտությունը պարզապես բացակայում է: Բոլորը երգում են: Բայց մենք պարտավոր ենք մտածել՝ լավ, բոլորը երգում են, հետո ո՞վ է նվագելու: Այսօր դարը փոխվել է և շատ հեշտացել է համակարգիչների միջոցով երաժշտություն հորինելը, կան սինթեզատորներ, որ իրենք իրենց գործիքավորում են, անգամ երաժշտական կրթություն հարկավոր չէ: Այս առումով միապաղաղություն կա, բոլոր երգերն իրար նման են, հնչում են նույն ձևով: Իսկ գործիքային երաժշտության սահմանները շատ ավելի լայն են:

Ժամանակին ստեղծել եք Ազգային նվագարանների նվագախումբ, հավաքել եք տարբեր երաժիշտների: Ցանկացողները երիտասարդնե՞ր են եղել:

Երիտասարդներ էին: Երբ Ֆինլանդիայի նախագահը եկել էր Հայաստան, և մեր նախագահը նրան տարել էր ջազ լսելու, բոլոր հեռուստաալիքները հայտարարում էին, որ Ֆինլանդիայի նախագահը շատ էր հավանել հայկական ջազը: Ես մտածեցի, որ նա կգնա ԱՄՆ և հայկական ջազը կմոռանա, բայց, եթե ցուցադրեինք ազգային որևէ հետաքրքիր բան, երբեք չէր մոռանա:

Հետո մտածեցի՝ ի՞նչ կարելի էր ցուցադրել: Ոնց նայում էի՝ կարևոր նվագախմբերը լուծարված էին այդ տարիներին, փոքրիկ անսամբլներ էին: Որոշեցի հաշվել, թե քանի՞ երաժիշտ է մնացել Հայաստանում, որը տիրապետում է հայկական ժողովրդական գործիքի: Հայտարարեցինք փառատոնի մասին, եկան 80 հոգի: Զտեցինք, թողեցինք 40 հոգու, հանդիպեցի նրանց հետ։ Հարցնում էի՝ որտե՞ղ եք ավարտել, պատասխանում էին՝ Կոնսերվատորիան, բայց մեկը ծաղիկ էր ցանում, մյուսը Վերնիսաժում մորն էր օգնում, երրորդն էլ տաքսի էր քշում:

Ասացի՝ կարմիր դիպլոմով Կոնսերվատորիան ավարտել եք, որ չնվագե՞ք: Թե բա՝ տեղ չունենք նվագելու: Այդտեղից սկսվեց. ստեղծեցի փորձասենյակ, հրավիրեցի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Նորայր Դավթյանին և սկսեցի թակել բոլորի դռները՝ ձեռք բերել նոտաներ: Թակեցի պետական այրերի դռները, խնդրելով, աղաչելով՝ նվագախումբը դարձավ պետական և շարժիչ դարձավ, որ ժանգոտած անիվը սկսի պտտվել:

– Նվագախմբում համալրումներ ամեն տարի լինո՞ւմ են:

– Ամեն տարի չէ: Ամուսնանում են, սպասում երեխայի և հրաժարվում, նրա փոխարեն այլ երաժիշտ ենք բերում:

Դուք նաև առաջարկել եք անվճար սովորեցնել ազգային նվագարաններ նվագել:

– Այո, Մանկավարժական համալսարանում առաջարկեցի, որ այդ բաժինը դառնա անվճար: Դրանից առաջ, մութ տարիներին, դիմեցի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետին՝ ասելով, որ՝ եթե ուզում ես քեզ սիրեն, հարգեն, արի միասին մի բան ստեղծենք: Առաջարկեցի վերցնել հովանավորության տակ երաժշտական դպրոցներում ազգային նվագարաններ ընտրողների վարձավճարը: Այդպես էլ արեց: Ծրագիրն իրականություն եմ դարձրել նաև Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարների հետ: 3 տարի հետո Մշակույթի նախարարությունում բազմաթիվ կռիվներից հետո ամբողջ հանրապետությունում դարձավ անվճար:

Ես հիմա մեկ այլ պայքարի մեջ եմ, չեմ կարողանում հաղթահարել: Մեր գործիք պատրաստող վարպետներն արդեն տարեց են, չունեն փոխարինող: Վերջերս մահացավ Ալբերտ Զաքարյանը՝ գործիք պատրաստող հրաշալի վարպետ, ով միակն էր Արցախում և Հայաստանում, որ թառ էր պատրաստում: Դիմել են թաղապետերի, տարբեր տարիների Մշակույթի նախարարների, որ՝ եկեք գործիք պատրաստողների համար դպրոց բացենք: Մարդիկ մահանում են, մեր գործիքներն ո՞վ է սարքելու: Պետական այրերը պետք է իմանան, որ գործիք պատրաստող վարպետներին փոխարինող չունենք:

Երբ այս մասին ասում եք բարձր ատյաններում, ի՞նչ են պատասխանում: Աշխատանքնե՞ր են տանում:

– Չէ, հիանալի պատասխան են տալիս. Վա՜յ, Արա ջան, էս ի՞նչ կարևոր բան ասացիր, շատ ապրես, լրիվ մոռացել էինք: Նման պատասխան են տալիս, անցնում ենք առաջ, ու սայլը տեղից չի շարժվում: Ուզում էի անգամ դպրոց հիմնել իմ միջոցներով, անգամ արել եմ հայտարարություն, թե ով կգա Ալբերտ Զաքարյանի մոտ՝ թառ պատրաստել սովորելու, ես իրեն վճարում եմ: Չգիտեմ որտեղից, բայց կվճարեի, սակայն, ցավոք, քանի որ չկա պրոպագանդա, սեր դեպի մեր ազգային նվագարանները, մեկ հեռախոսազանգ եղավ, այն էլ այսպիսին էր՝ կարո՞ղ է վարպետը գա Գյումրի, սովորեցնի: Պատասխանեցի, որ 75 տարեկան է, ինչպե՞ս գա:

Գիտեք, քաղաքական այս ծանր իրավիճակում, երբ ասում են՝ մտավորականներն ինչո՞ւ են լռում… է՜, մտավորականն ուրիշ բան ունի ասելու: Չէ՞ որ սա էլ է կարևոր: Մեր երկրում եկեք ձեռք-ձեռք բռնենք, օգնենք գործիք պատրաստողներին, դպրոց ստեղծենք:

Այսօր բոլորը դուդուկ են նվագում և դհոլ, որովհետև դհոլի պրոպագանդան շատ եղավ, երևի իմ մեղքի բաժինն էլ կա, իմ «Արցախ» սեղծագործությունը դհոլահարներին բերեց ասպարեզ:

Դուդուկի պրոպագանդան եղավ՝ շնորհիվ մեր մի քանի հայտնի դուդուկահարների՝ Ջիվան Գասպարյան, Գևորգ Դաբաղյան, Արշակ Սահակյան, Կամո Սեյրանյան։ Այսինք, ովքեր քիչ թե շատ երևացին իրենց տեսահոլովակներով, մարդիկ տեսան և գնացին դուդուկի։ Եվ հետո, դուդուկը երբեք չի վերանա, որովհետև գոնե դուդուկահարներն իրենց երեխաներին դուդուկ են սովորեցնում, իսկ քանոնահարները, քամանչա, թառ նվագողները՝ ոչ։

– Դհոլ երևի շատ են նախընտրում, որովհետև հարսանիքների ժամանակ են նվագում։

«Արցախ» երաժշտությունից առաջ դհոլահարները նվագում էին միայն հարսին տնից դուրս հանելուց։ Ռեստորաններում ընդհանրապես չկար, իսկ հարսանիքների ժամանակ հազվադեպ էր։ Հիմա ռեստորան չկա, որ դհոլ նվագող չլինի։

Խոսեցինք «Արցախ» ստեղծագորության մասին։ Երկար տարիներ պայքարել եք, որպեսզի այն չսեփականացնեն ադրբեջանցիները։

– Փառք Աստծո, ադրբեջանցիներն արդեն ձեռք քաշեցին «Արցախ» ստեղծագորությունից։ Ամոթն իրենցն է․Բաքվում ընթացող Եվրոպական խաղերը, Բաքվի մասին պատմող ամենաճոխ ֆիլմն այդ երաժշտության տակ է։ Ամենուր հնչում էր այդ երաժշտությունը և հասկացան, որ իրենցը չէ։

– Նաև հաղորդում էին կազմակերպել, որի ժամանակ հայտարարեցին, որ երաժշտությունն Արա Գևորգյանինն է։

– Այո, հայտարարել է նաև Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը, Մշակույթի նախարարությունը՝ հորդորելով հրաժարվել այդ երաժշտությունից, քանի որ ադրբեջանական չէ։

– Հետաքրքիր էր վարողի պահվածքը, երբ մի փոքր հատված նվագեցին երաժշտությունը, որպեսզի պարզ լիներ՝ ինչի մասին է խոսքը, միանգամից ասաց՝ անջատեք։

– Այո, ասում էր՝ անջատեք, բայց նայեք՝ հաղորդմանը նախորդող մյուս բոլոր տեղերում գրված է՝ այս ինչ հրաշալի երաժշտություն են հորինել ադրբեջանցիները։

Բայց այդ նույն ատելությունը մեզ մոտ չկա։ Ժամանակակից երգիչներն օգտագործում են թուրքական մեղեդիներ։

Իսկապես, մեզ մոտ չկա այդ ատելությունը, որովհետև ազգային ահռելի տարբերություն ունենք։ Իրենք շատ ցածր մակարդակի ազգ են։ Վերջին շրջանում մեր մեր մարդկային, ազգային որակները շատ ենք իջեցրել, ավանդությունից շատ ենք հեռացել։ Բաժանի՛ր, որ տիրես տեխնոլոգիան որ կա՝ դրանք ներմուծվում են մեր երկիր։

Երկիրը, որը ուզում է մեզ հաղթել, չի կարողանում կամ թույլ չեն տալիս, 30 տարի չէր կարողանում մեզ հետ պատերազմել, օգտագործեցին մեզ բաժանելու տեխնոլոգիաներ։

Մեր երկիր ներմուծվեցին աղանդավորներ, օտարամուտ ավանդույթներ։ «Հելոուին»-ն ի՞նչ է․երեսներն արյունոտ երիտասարդները դուրս են գալիս․չեմ կարողանում հասկանալ՝ քրիստոնյա երկրում այդ սատանայական աղանդն ի՞նչն գործ ունի։ Տարբեր մոդաներ են ներմուծվում՝ պոչիկով տղաներ և այլն։ Մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ, և սա նրա համար է, որ մենք սկսենք իրար հետ վիճել։ Ոմանք շուտ են վերջացնում վեճը, մյուսի դեպքում կամ սև է, կամ սպիտակ, միջին չկա։ Նայում ենք, փողոցով անցնող մարդիկ ոնց որ օտար լինեն․հագած-կապածը, պահելաձև, քթին անցկացված այդ աֆրիկյան զարդը… Չգիտեմ, ինչո՞ւ են այդ օտար ավանդությունները լցվում մեր երկիր։ Լցնում են՝ մեզ իրարից բաժանելու համար։

Ես ազատություններին դեմ չեմ, ամեն ինչ կարելի է, բայց պապական խոսք կա․ասում է՝ որ գյուղը մտնում ես, այդ գյուղի փափախը դիր։ Պետք է ենթարկվես այդ գյուղի օրենքներին։ Այսօր երեխաները կտրված են մեծերից, խորհուրդ չեն լսում, դասախոսի խորհուրդը չեն լսում, մեծանում են իրենց «Յութուբի», «Ֆեյսբուքի» մեջ։ Վիրտուալ կյանքի մեջ են, թիթեռին նայում են հեռախոսով, փոխանակ բնական նայեն, ու դրա համար բոլորն աչքի բժշկի մոտ են գնում, կուզիկ են դառնում, որովհետև նույն դիրքով նստած են համակարգչի առջև։ Դա մեր դժբախտությունն է, բայց հետաքրքիր ելք կա, որի մասին 10 տարուց ավելի է՝ խոսում եմ․եկեք դպրոցներում նոր առարկա մտցնենք՝ «Բակային խաղերի ուսուցում»։

Երբ սա կլինի՝ էս մեր երեխեքը համակարգչով իրար վրա չեն կրակի, դուրս կգան բակ, իրար հետ հետաքրքիր խաղեր կխաղան, որը ստեղծել են մեր պապերը։ Բակային ընկերները որ իրար հետ մեծանան, էլ խրամատում մեկը չի փախչի, մյուսը՝ մնա։ Այդ ընկերությունն է վերացել մեր երկրից՝ հեռախոսների, վատ դաստիարակող խաղերի միջոցով։

Տեսնում եմ, շատ տեղեր մայրիկները սուրճ են խմում, երեխաները խաղում են հեռախոսով․չէ՞ որ սրանով նրանց դարձնում ենք անգրագետ։ Կախվում է այդ համակարգչային խաղից ու երբեք ընկեր էլ չի ունենա։ Սա վիրուսի, թմրանյութի պես մի բան է, որ ճանապարհից շեղվածներն օգտագործում ու իրենց գցում են կրակը։ Երեխաները, որոնք փողով խաղեր են խաղում, ոչ մի կազինո չի բացվում, որ տուժի, բոլորը գալիս են, պարտվում։ Մարդ այնքան գիտակցություն պետք է ունենա, որ խաղալու հաճույքը գնահատի գումար։ Ռեստորան ես մտնում, հաշիվ ես, չէ՞, փակում, կինո ես գնում, տոմս ես առնում, դե եթե ուզում ես կազինո մտնել՝ մտի, դրա գինն էլ, ասենք, արժե 100 դոլար, դա կրվեցիր՝ խելոք դուրս արի, ոչ թե աշխատիր հետ բերես գումարը։ Հենց ուզում ես հետ բերես՝ տունդ էլ ես տալիս։ Ընտանիքը քայքայվում է, ամեն ինչ կործանվում։

Նկատում ենք, որ երբ երեխաներն ասում են ծնողին՝ գիրք կարդա ինձ համար, հեռախոսը տալիս են ձեռքն ու ասում՝ ես գնացի։ Այսինքն, նրանց մեղքը կա այստեղ։

– Դրա համար ամեն ինչ պետք է շտկել հեռուստատեսության, համացանցի միջոցով։ Սոցիալական հոլովակներ կան, որ մեքենան կանգնեցնում են փողոցում, իջնում, բարի գործ են անում։ Սա պետք է շատացնել մեր եթերում։ Մարդիկ պետք է սովորեն, որ մտնում են շքամուտք, վերելակի մոտ մարդ կա կանգնած, բարևն ի՞նչ է, բարև ասենք իրար։

Ով Ձեզ ճանաչում է՝ ասում է, ներողամիտ եք, բարի, աշխատում եք ոչ ոքի չնեղացնել։ Սովորաբար նման մարդկանց ավելի շատ են նեղացնում։ Սթրեսից ո՞նց եք կարողանում դուրս գալ։

– Սթրեսից դուրս գալլը դժվար է լինում, եթե անտեղի նեղացրել են։ Երբ չեղած բան են քեզ վերագրում, պատառոտվում ես, որ ապացուցես, բայց ցեխ գցողն արդեն իր գործն արել է։ Մռութը ջարդում ես, ներողություն են խնդրում, դա էլ իր ճանապարհն ունի։ Բայց մտածում եմ չարի դեմ բարություն անել։ Նման դեպք եղել է․իմ նկատմամբ չար մարդը, ով ակնհայտորեն լավ բան չէր արել, ես նրա հայրիկին վերցրեցի աշխատանքի, շատ վատ վիճակում էր։ Հիմա կգնա տուն, զավակին կպատմի, որ դու վատ բան արեցիր այդ տղայի նկատմամբ, իսկ ինքը տես, ինչ մեծ լավություն արեց մեր ընտանիքին։ Սա թող դաս լինի։ Լսում եմ դեպքեր, որ մարդիկ իրար դանակահարում են, կրակում և պատճառն ընդամենը մեքենայով ազդաշան տալն է։

Չենք կարողանում իրար զիջել, հանդուրժել։ Վաղն էլ նույն սխալը ես եմ թույլ տալու, չէ՞։ Եկեք հարգենք մեր բարոյական, հոգևոր արժեքները։

Համախմբվել եք ասում, եկեք համախմբվենք մեր եկեղեցու շուրջ։ Նկատի չունեմ՝ շենք-շինություն կամ թեկուզև հոգևորական։ Եկեք, գոնե եկեղեցու շուրջ համախմբվենք. մի բանի շուրջ պե՞տք է համամիտ լինենք։ Համամիտ լինելու տեղը բանակն ու եկեղեցին են։ Եվ դրանց մեջ գույներ ման չգալ՝ մուգ-բաց, սև-սպիտակ և այլն։ Բոլորս պետք է մտածենք՝ ինչ անենք իրար սիրելու, ժպտալու համար, ոչ թե ամեն ինչ անենք՝ իրար վրայով անցնելու համար։ Երկու տղա ուս-ուսի են կպնում, շուռ եկեք, ասեք՝ կներես, եղբայր։ Այստեղ երկուսն էլ շահելու են, դեմքին ժպիտ է գալու, հասկանալու են, որ եթե մեկը գոռար՝ «հոպ, արա», մյուսն ասելու էր՝ «արա-ն դու ես» ու սկսվելու էր «Մի կաթիլ մեղրի» պատմությունը։

– Քանի որ շատ զգացմունքային մարդ եք, հիմնականում ստեղծագործում եք, երբ զայրացա՞ծ եք, տխո՞ւր, թե՞ երբ հանգիստ եք։

– Իհարկե, ստեղծագործելու ժամանակ պահի ազդեցությունը գոյություն ունի։ Պարզ օրինակ բերեմ․երբ Շառլ Ազնավուրը մահացավ՝ մի քանի ժամ հետո դուստրս զանգեց ու ասաց, շատ տխրեցի, գնացի «Մոսկվա» կինոթատրոնի առջև՝ Ազնավուրի հրապարակ, որտեղ մոմավառություն էր ու ավելի հուզված եկա տուն։ Բացել եմ գործիքն ու սկսել նվագել ու ստեղծվեց երաժշտություն, որը գործիքավորվեց այդ պահին։

Ընդամենը մի քանի ժամվա պատմություն է։ Անընդհատ սկսեցի ասել՝ «Շնորհակալ ենք, մեր Շառլ»։ Ինձ-ինձ խոսեցի, բառերն եկան իրենց-իրենց ու դարձավ երգ։ Զանգահարեցի երգչուհի Մաշա Մնջոյանին, եկավ, ձայնագրությունը կատարեցինք, այնքան անհամբեր էի, որ համացանցից ներբեռնեցի Ազնավուրի նկարները և երաժշտության հետ առավոտյան 05։00 տեղադրեցի «Յութուբում»։ Դիտումները շատ էին, հրավիրեցի Զավեն Հարությունյանին և առաջարկեցի երգը ֆրանսերեն թարգմանել։

Մեկ ամիս անց երգը թարգմանվեց իսպաներեն, արաբերեն, բուլղարերեն։ Հիմա որոշել եմ՝ աշխարհի տարբեր լեզուներով երգը կթարգմանենք, կներկայացնեմ Գինեսի ռեկորդների գրքին, որովհետև ոչ մի երգիչ՝ Պավարոտտի, Մայքլ Ջեքսով, Ռեյ Չալս, Ուիթնի Հյուսթոն, չունեն նման երգ, որ աշխարհի տարբեր ազգեր իրենց ասեն՝ շնորհակալություն։ Այնպես որ, երգը ստեղծվեց պահի տակ, հուսականության ներքո։

– Ձեր բոլոր ստեղծագործությունները հետաքրքիր անվանումներ ունեն՝ քաղաքների, տեղանքների անունններովդա ինչո՞վ է պայմանավորված։

– Ընդհանրապես սիրում եմ մի բան անել, որ ուրիշները չեն անում։ Թեպետ, ասեմ, որ մի կոմպոզիտոր կա, ով որտեղ նստում, ասում էր՝ Արա Գևորգյանը երաժշտություն է գողանում։ Ում մոտ նման բաներ խոսում էր, գալիս ինձ էին պատմում, թե բա ամոթ չի անում, որ այս մարդու մոտ այսպես ասաց, Առաջին տիկնոջ մոտ ասաց, ուրիշ թեմա չկա՞ խոսելու, որ միշտ քեզանից է բամբասում։ Այդ մարդու մասին լսելիս, խոսելիս, ինձ արդեն լավ չեմ զգում։

Մի խոսքով՝ որտեղ մտավ, ինձ վատաբանեց, բայց կրկնում եմ, միշտ մտածում եմ անել մի բան, որն ուրիշները չեն անում։ Այն երաժշտության ոճը, որն ընտրել եմ, Հայաստանում ոչ ոք դրանով չէր զբաղվում։ Օգտագործելով էլեկտրոնային գործիքներ, սիմֆոնիկ նվագախումբ, դասական երաժշտության գործիքներ, երգչախումբ, ոչ ոք չէր անում։ Ունեմ հարցազրուցներ մեր մեծանուն կոմպոզիտորներից, որոնք ասում են, որ Արան առաջինն էր, ով ստեղծեց նման ժանր։

Ես նաև ստեղծել եմ աշխարհում նոր երաժշտական գործիք, որը կոչվում է բաս-քանոն։ Պատրաստել ենք 5 հատ՝ վարպետ Ալբերտ Զաքարյանի հետ և առաջարկեցի, որ դա ներկայացվի էքսպոյում, հայկական տաղավարում՝ Դուբայում, բայց առաջարկս ուշադրության չարժանացավ։

Հիմա էլ անընդհատ ասում եմ՝ ներկայացրեք ՅՈՒՆԵՍԿՕ, գրանցեք որպես հայկական ազգային նոր նվագարան։ Արել եմ նաև տարբեր նախագծեր, որոնք աննախադեպ են․«Ադանա» ստեղծագործությունը 20 լեզվով՝ տարբեր ազգեր դատապարտում են հայերի ցեղասպանությունը։ 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակ է նկարահանվել, որտեղ 1000-ից ավելի երգիչ է երգում։ Երևանի 2800-ամյակին քանոններով գրվեց «Երևան»։

Մեկ-մեկ ասում են, Արա ջան, երաժշտության այս մասը ոնց որ մի տեղ լսած լինեմ։ Պատասխանում եմ, որ ոչ մի տեղ լսած չես լինի, պարզապես շատ հայկական է։

Իմ երաժշտության մեջ օգտագործված են հարմոնիկ լուծումներ, որոնք շատ մեծ տեղ ունեն Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի երաժշտության մեջ։ Ես այդ ամենից հո հեռու չէի ընկնելու։ Իմ տան մեջ հնչում էր ժողովրդական երաժշտություն, որ երգում էր մայրս, հայրս թառահար էր, տատիկս երգում էր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, պապաս եկեղեցու խորհրդի անդամ էր։ Ինձ միշտ տանում էին, պատարագներ էի լսում։ Այդ ամենը լցվեց իմ մեջ և որևէ մեկից օգտվելու կարիք չունեմ։ Ինձ ոչ մի համալսարան նվագել չի սովորեցրել, ես ինքնուս եմ։ Դրամ գումարել եմ երաժշտական դպրոցը, ակումբագրադարանային տեխնիկումը՝ դաշնամուրի բաժին, Մանկավարժականում փողային-էստրադային բաժինը, որտեղ անցել եմ «Դիրիժորություն» առարկան։

Մշակել եք նաև «Մի կրակեք երեխաներին» նախագիծը, որը կարծես կիսատ է մնացել։

-Այո, ես փնտրում եմ ռեժիսոր, ով կցանկանա ինձ հետ այդ տեսահոլովակն իրականացնել։ Արել եմ արցախյան 44-օրյա պատերազմից առաջ և միշտ խաղաղության կոչ էի անում: Ես խաղաղության կողմնակից եմ: Խաղաղությանը նվիրված գործիքային երաժշտությունից բացի, ունեմ երգ, որը կատարում են տարբեր ազգերի երգիչներ, խաղաղության կոչ են անում, որ եկեք ապրենք իրար սիրելով: Եվ այդ շարքում ունեմ ստեղծագործություն ընդդեմ ցեղասպաննությունների: Ունեմ ևս մեկ ստեղծագործություն՝ Կոմիտասի «Օրոր»-ը, իմ գործիքավորմամբ, իմ սկզբունքներին դեմ, որովհետև, երբ ժամանակին գործիքավորում էի հայկական մեր մոռացված երաժշտությունները, երգերը, դարձնում էի նորովի, միշտ աշխատում էի պահպանել մեղեդին և զգացմունքը, դրամատուրգիան: Եթե «Դլե յաման»-ի տակ մեր պապերը լաց են եղել, ուրեմն իմ արածի տակ էլ պետք է հուզվեն:

«Օրոր»-ը միակ գործն է, որի տակ ռիթմ եմ դրել, պայթյուններ. օրորոցում քնած երեխային մի՛ կրակեք: Այդ երեխան կապ չունի ձեր պատերազմների հետ, մեծահասակնե՛ր: Սա կոչ է ամբողջ աշխարհին: Որ ռումբ եք գցում, չեք իմանում, չէ՞, ուր է ընկնում: Երեխաներն ի՞նչ մեղք ունեն: Բակում նստած խաղում են ու պետք է մահանան մեծերի սխալի պատճառով:

Դուք հավատո՞ւմ եք խաղաղության մեր դարավոր թշնամի Թուրքիայի և վերջին 100 տարում մի կերպ ստեղծված արհեստական պետություն Ադրբեջանի հետ:

– Հայկական հին խոսք կա, ասում է՝ «Ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր»: Մենք պարտավոր ենք լինել ուժեղ և՛ կամքով, և՛ զենքով, մտավոր առաջընթացով: Պարտավոր ենք հզորանալ, քանի որ շրջապատված ենք ոչ բարեկամ երկրներով և իրենց ուզածն էլ մեզ հետ բարեկամությունը չէ, այլ մեր երկրին տիրելը: Այն խոսքերը, որոնք հնչում են մեր հարևան երկրից, Երևանն էլ է իրենցը: Պատմություն քիչ, թե շատ իմացող մարդիկ միանգամից ծիծաղից թուլանում են: Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում մեկ է, պետք է ապրենք իրար հետ, ուզենք, թե չուզենք: Եվ, եթե կան եզրեր, որպեսզի ապահովագրված, պատվաբեր խաղաղության մեջ լինենք, ես դրա կողմնակիցն եմ: Մի քիչ մեր ազգային արժանապատվությունը վերջին տարիներին շատ է իջել ներքև, սկսել ենք ինչ-որ գլուխներս կախել, ամաչել, բայց ես լավատես մարդ եմ, եկեք ուղղենք մեր մեջքը:

Մենք թանկ ենք վճարել նրա համար, որ իրար չենք սիրել: Մեր երկիրն էլ չենք սիրել: Ով կարողացել՝ իր ծառն է ջրել: Թող ներեն երաժշտության հեղինակները, բայց բոլորս քեֆերի ժամանակ պարում ենք «Աշխարհը մերն է, Հայաստանում ամեն մի հայ աշխարհի տերն է»: Բառ գրողին հարցնենք էլի, ինչո՞ւ ես նման բառ գրել, դուրդ կգա՞ր, որ մեր հարևանները նմանատիպ երգ ունենային, որ իրենք են աշխարհի տերը: Երաժշտությունը լավն է, պարացնող, բայց բառերը, ինձ թվում է, մի քիչ պետք է թեթևացնել: Պետք է գործով ապացուցենք: Հերի՛ք է ասենք Շառլ Ազնավուրը, Արա Խաչատրյանը, հպարտանանք մեր նախնիներով: Եկե՛ք այսօր ստեղծենք, մեր կողքի հերոսին նկատենք: Եկե՛ք մեր հերոսներին չփչացնենք, մտավորականներին չոչնչացնենք: Խրախուսե՛նք նկարիչներին, երաժշտություն հորինողներին: Ուղղություն ցույց տանք, ոչ թե քննադատենք ու նետենք աղբաման: Պետք է առաջ շարժվենք՝ պահպանելով ազգային ավանդույթները, արժեքները:

– Արդեն թոշակային տարիքի եք մոտենում, մեր հասարակության մեջ նման միտում եմ նկատում, որ հատկապես տղամարդիկ մտածում են՝ ահա, թոշակիս տարիքն է գալիս, բազմոցը գրկում եմ՝ նստեմ: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

– Ճիշտն ասած, առաջին անգամ եմ նման հարցի պատասխանում (ծիծաղում է։- Ա.Կ): Չգիտեմ, ինձ թվում է, դրա մեջ ամոթ բան չկա, հակառակը, հույս կտամ բոլոր տարեցներին. մարդ ինչքան մեծանում, այնքան իմաստուն է դառնում: Դեռ շատ բան ունենք սովորելու: Երբ կսպառվեմ, էլ ասելիք չեմ ունենա՝ ծառ ջրելը, նարդի խաղալը կա, ընկերներ ունեմ, իրենց շատ եմ սիրում: Ընտանիքս շատ լավն է, փառք Աստծո: Դրա համար, երբ ասում են՝ Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ… այո, որովհետև զբաղված եմ իմ սիրած գործով, ունեմ լավ ընտանիք, լավ շրջապատ: Կարծում եմ, սրանից լավ հաջողություն աշխարհում գոյություն չունի: Իսկ երջանկությունն ընդամենը մի քանի վայրկյան է տևում: Տա Աստված, շատ լինեն այդ պահերը: Իսկ, որ ասում են, ձեզ երջանիկ համարո՞ւմ եք, ախր, այսքան զոհված երեխա, ծնող, բարեկամ կորցրած, թաղումների մասնակցած մարդը ո՞նց կարող երջանիկ լինել: Փոշոտ փողոցներ, թափված աղբ կա: Ինչպե՞ս կարելի է երջանիկ ման գալ:

– Մշակույթի ոլորտի շատ ներկայացուցիչների երջանկացնում են նաև կոչումները: 2004 թվականին եք ստացել ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, և վերջերս ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները և որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները: Ինչպե՞ս եք վերաբերում կոչումներին, արդյո՞ք ինչպես նախագծում է նշված, անձեռնմխելի է դարձնում տվյալ մարդուն:

– Մայքլ Ջեքսոնն ի՞նչ կոչում ուներ, Արամ խաչատրյանը, Շառ Ազնավուրն ի՞նչ կոչում ունեին: Որևէ մեկին այդ կոչումը հետաքրքիր չէ: Աշխատում եմ իմ անունը դարձնել կոչում, որ մարդիկ նայեն՝ ասեն Արա Գևորգյանն է: Թե քանի կոչում, դիպլոմ ունի, ի՞նչ տարբերություն: Շատ բարձր մի մեդալ եմ ստացել, որը ոչ ոք չի տեսել: Հետո իմ երեխաները թող դրանցով հպարտանան: Այդ մեդալն ու կոչումը մենակ վնաս են տալիս: Նաև երեք ակադեմիայի՝ Կանադայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի պատվավոր անդամ եմ Շառլ Ազնավուրի մասին երգը գրելուց հետո ինձ զանգահարեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և ասաց՝ կեցցե՛ս: Դա ինձ համար ամեն ինչ արժեր: մարդկանց ջերմ վերաբերմունքը, բարի խոսքերը ինձ համար մի մեդալ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս