«Ադրբեջանի ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»». Փաշինյան
«Արդարադատության միջազգային դատարանը երեկ միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկ ընդունած վճռով՝ Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի վրա դրված պարտավորությանը, Փաշինյանն ընդգծեց.
«Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ՝ իշխանության ամենաբարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում