«Գրիգորի Խաչատուրովը մտադրություններ ուներ, տեսնում էր՝ ինչպես կարելի է պատերազմի ընթացքը փոխել, այդ բոլորը տեսել և իմացել են». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրում է փողերի լվացման համար: Հակակոռուպցիոն դատարանում ժամը 17.30-ին հրապարակվելու է գեներալին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իշխանությունների այս քայլը դիտարկում են բանակի դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի պայքարի տրամաբանության մեջ, ինչը համընկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունների հետ:

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի դեմ իրականացվող գործողությունների, արշավի համատեքստում 168.am-ը զրուցել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:

– Նախ վերստին ուզում եմ վերահաստատել՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը իմ ընկերն է և եղբայրը: Եվ ինձ համար մեծ պատիվ է իրեն ճանաչած լինելը և այդ զգացումն ունենալը: Այս արշավն ամբողջությամբ մեկ նպատակ ունի՝ արժեզրկել բանակը ևս մեկ անգամ, հաստատել իրենց այն միտքը, որ անընդհատ բարբաջում են, թե 27 տարի բանակ չենք ունեցել, ահավասիկ տեսեք՝ ինչերով են զբաղված, և այլն:

Կարդացեք նաև

Վերստին ասում եմ՝ մենք արդարադատությունը մեկնաբանելու կամ քննարկելու կոչում չունենք: Եվ եթե նույնիսկ որևէ տեսակի զանցառություն կա գործված, այսպիսի աղմուկ-աղաղակ անելով, ձերբակալելով, նույնիսկ՝ մինչև կալանքի տանելը, և անկախ նրանից՝ կալանքի միջնորդությունը կհաստատվի՞, թե՞ ոչ, և ցույց տալով նաև թշնամուն՝ ինչպիսի հերոսական արշավանք ես սկսել և ում նկատմամբ, ով այդ նույն թշնամուն ջախջախել է, բառիս բուն իմաստով նողկալի երևույթ է:

– Սրբազան, սրանում հասարակության, գեներալիտետի մեղավորությունը կա՞։

– Անշուշտ, կա: Գեներալ Խաչատուրովը ճանապարհ անցած, հայրենիքի սահմաններ մեծացրած, պետության սահմաններ ընդլայնած մարդ է, և թող իրենք ցույց տան՝ քանի՞ հոգի կա զինվորական, որ հայրենիքի և պետության սահման են ընդլայնել, քանի՞սը կան: Եվ այս իմաստով լուռ մնալն ընդհանրական ախտ է:

– Հուլիսյան մարտերից հետո հերոսացնում էին իշխանությունները, հիմա…

– Այո, իրենց փառքն էին հյուսում Գրիգորի Խաչատուրովի և մեր տղաների գործած սխրանքի վրա: Իրենց փառքն էին հյուսում, մարտական մկրտություններ էին ստանում, մի բան էլ ասում էին՝ մենք կառավարում էինք հեռավորությունից, համակարգում էինք այդ բոլորը: Բայց հանկարծ հիմա որոշել են, որ այսպես է, որովհետև այս մարդը՝ Գրիգորի Խաչատուրովը, չի ենթարկվում իրենց: Կամ երևի թե հրահանգ է եղել Ադրբեջանից:

– Ասում են՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, միակ գեներալն է, կամ քչերից մեկը, ով 44-օրյա պատերազմում չի եղել Արցախում, կամ գուցե չեն ցանկացել, որ հայտնվի, երբ 3-րդ բանակային կորպուսի իր զինվորներն այնտեղ էին, իր սպաները:

– Չգիտեմ՝ միա՞կն էր, թե՞ ոչ, բայց որ ինքը 3 անգամ ցանկացել է իր ամբողջական զորամիավորմամբ, կորպուսով գնալ և մասնակցել, դա հաստատ, մանավանդ, որ մի քանի անգամ ջարդ է տվել թշնամուն Լաչինի ստորին հատվածում: Եվ որոշակի մտադրություններ ուներ: Բնականաբար, ինքը այնտեղ չէր, բայց մտադրություններ ուներ, տեսնում էր, թե ինչպես կարելի է ընդլայնել և պատերազմի ընթացքը փոխել: Այդ բոլորը տեսել և իմացել են: Բայց թե կրկնում եմ՝ միա՞կն էր, թե՞ միակը չէր, չեմ կարող ասել:

Տեսանյութեր

Լրահոս