2022 թ. ԱՄՆ-ի օդանավակայաններում հայտնաբերվել է ռեկորդային 6500 միավոր զենք
ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությունը (TSA) անցյալ տարի երկրի օդանավակայանների հսկիչ անցակետերում հայտնաբերել է ռեկորդային 6500 միավոր զենք։
«Այն, ինչ մենք տեսնում ենք մեր հսկիչ անցակետերում, իրականում արտացոլում է այն, ինչ տեսնում ենք հասարակությունում, իսկ հասարակությունում կան հրազեն կրող ավելի մեծ թվով մարդիկ», – ասել է TSA-ի ներկայացուցիչ Դեյվիդ Պեկոսկեն՝ նշելով, որ շատերը պատճառաբանում են, թե մոռացել են, որ իրենց մոտ զենք կա:
Գործակալությունը նշում է, որ օդանավակայաններում ստուգումների ժամանակ օրական շուրջ 18 միավոր զենք է հայտնաբերվում, ինչը բոլոր ժամանակների համար առավելագույն ցուցանիշ է և մտահոգություններ է առաջացնում, որ ավելի ու ավելի մեծ թվով ամերիկացիների մոտ զենք կա։ Ամենից հաճախ հրազեն են հայտնաբերում Տեխասի և Ֆլորիդայի նահանգների օդանավակայաններում։
Ուղևորների մոտ զենքի հայտնաբերման հետևանքները տարբեր են՝ կախված նահանգային օրենքներից: Տվյալ անձը կարող է ձերբակալվել, նրա հրազենը կարող է առգրավվել: Երբեմն նույնիսկ ուղևորին թույլատրվում է զենքը տալ իրեն ճանապարհող անձին, ով իր հետ ինքնաթիռ չի նստում: Օդանավակայան զենք տանելու համար առավելագույն տուգանքը կազմում է մոտ 15 հազար դոլար։ Միացյալ Նահանգների Gun Violence Archive ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին ԱՄՆ-ում հրաձգությունների պատճառով ավելի քան 43 600 մարդ է զոհվել, ավելի քան 37 900 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 4400 երեխա։ Հրաձգության զոհերի թվում կա ավելի քան 1600 երեխա: