Ի՞նչ են քննարկելու Փաշինյանն ու Ալիևը Բլինքենի հովանու ներքո

Մյունխենում շարունակվող ամենամյա Անվտանգության համաժողովին հավաքված արևմտյան ղեկավարների ուշադրության կենտրոնում արդեն մեկ տարի շարունակվող պատերազմն է Ուկրաինայում, իսկ թիրախում՝ Ռուսաստանը և Ռուսաստանի քաղաքականությունը։

Առաջին անգամ այս տարի ոչ պակաս ուշադրության է արժանանում Հարավային Կովկասը և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու այս ռեգիոնում Ռուսաստանի ազդեցությունը։ Մինչ Մյունխենի Անվտանգության համաժողովի մեկնարկը Մյունխենում ԵԽ նախագահ Շառլ Միշելը, ով անցյալ տարի համակարգում էր Հայաստան-Ադրբեջան բանակցային բրյուսելյան գործընթացը, ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, քննարկելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, խաղաղության պայմանագրի բանակցությունները և Բրյուսելի նախաձեռնած խաղաղության գործընթացը։ Ալիևը, ըստ նրա աշխատակազմի, ընդգծել է, որ Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան խաղաղ գործընթացին։

Միշելը, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նրանք խոսել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության մասին։

Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

ՀՀ Կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Կարճատև հանդիպում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Ուշագրավ արձագանքներ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը Մյունխենում։

«Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, և չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությանն առնչվող և այլ հարցեր։

Մեր խնդիրն է այսօր՝ բացատրել, բացահայտ դարձնել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս տարածող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում՝ վերջինիս դեպքում «Վագների» խմբի կողմից միջամտությամբ։

Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»,- հայտարարել է Մակրոնը։

Իսկ Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի ուշադրության գագաթնակետն այս համաժողովի շրջանակում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումն է լինելու Բլինքենի հովանու ներքո։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն արձանագրեց, որ այս տարի, ինչպես և ակնկալվում էր, Մյունխենի Անվտանգության ժողովը վերածվեց Ռուսաստանի դեմ թշնամանքի գեներացման առանձնահատուկ հարթակի։

Ըստ նրա, պատահական չէ նաև այն ուշադրությունը, որը ձևավորվել է Հայաստան-Ադրբեջան գործընթացի նկատմամբ, որի նկատմամբ ավելի մեծ ազդեցություն ունի ավանդաբար Ռուսաստանը, որի դեմ Արևմուտքը ջանասիրաբար պայքարում է։ Նրա խոսքով, Բլինքենի նախաձեռնությունը նպատակ ունի ակտիվացնել բանակցային գործընթացը, որը կարծես փակուղային իրավիճակում է վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Փորձագետի կարծիքով, այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ չնայած Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, սակայն հայկական կողմը մասնակցում է նման հանդիպման, այնինչ չմասնակցեց հանդիպման Մոսկվայում։

«Դատելով Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներից ԵԽ նախագահ Միշելի հետ, կարելի է ենթադրել, որ Բլինքենի նախաձեռնությունից հետո կրկին առաջին պլան կգա Միշելը առանց Մակրոնի, քանի որ Մակրոնի մասնակցությունը բանակցություններին խիստ անցանկալի է Ադրբեջանի համար։ Այս դեպքում ուշագրավ է, Հայաստանը կմասնակցի՞ հանդիպումների, թե՞ ոչ, քանի որ նախկինում նման խնդիր առաջացել էր հայկական կողմի մոտ։ Բայց պետք է հաշվի առնել նաև այն, որ Բրյուսելը դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան և դրա դիմաց, բնականաբար, ակնկալում է քայլեր Երևանից։ Այս դեպքում մերժումը Երևանից քիչ հավանական է։ Այսօր սպասվող հանդիպման իրական արդյունքները, կարծում եմ, փակ կլինեն, բայց կարելի է ենթադրել, որ կքննարկվեն Խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման որոշ ժամկետներ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ հնարավոր արձագանքին՝ վերլուծաբանը գտնում է, որ ՌԴ-ն մեծ կարևորություն չի տալիս Արևմուտքի նախաձեռնություններին։

«Երևի թե կողմերը պետք է կողմնորոշվեն, թե որ հարթակում են բանակցում, քանի որ ընդունում են և Խովաևին, ապա օրեր անց հավատարմություն հայտնում Բրյուսելի միջնորդությանը, ինչը խաղի է նմանվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս