Ինչո՞ւ իրականում պաշտոնանկ արվեց Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը, և թեպետ պատճառը, ինչպես միշտ, չնշվեց, մեդիան ու հասարակական-քաղաքական շրջանակները ենթադրեցին՝ Արթուր Ումրշատյանն ազատվել է վերջերս Երևանում «Համմեր» ավտոմեքենայի արկածների հետ կապված Պարեկային ծառայության ամլության համատեքստում:

Հիշեցնենք՝ «Համմեր» ավտոմեքենայի ոչ ադեկվատ 25-ամյա վարորդին, ով քաղաքի կենտրոնում, երեկոյան մարդաշատ ժամի անկառավարելի երթևեկ էր անում, Պարեկային ծառայությունն այդպես էլ չկարողացավ կասեցնել:

Նրան ձերբակալեցին միայն ժամեր անց, երբ վերջինս կանգնեցրել  էր մեքենան այլ վայրում, ինքն էլ արդեն մի քանի ժամ անարգել շրջում էր:

Բոլորը մտածեցին՝ քավության նոխազը գտնվել է, և նրա անունն է Արթուր Ումրշատյան:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով, սակայն, Պարեկային ծառայության ղեկավարին աշխատանքից ազատելու պատճառը բոլորովին էլ դա չէ: Ի վերջո, պարեկները մինչ այդ էլ չէին փայլում իրենց գիտելիքներով, պատրաստվածությամբ ու իրավական վարքականոնով, սակայն Արթուր Ումրշատյանն իր տեղում էր:

Պարեկային ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Ումրշատյանին աշխատանքից ազատել են փետրվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած այցի ընթացքում տեղ գտած տհաճ տեսարանների պատճառով:

Ինչպես որ մայրաքաղաքում է հաճախ պատահում, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիները ուղեկցում են կամ միջնամատ պարզելով, կամ ավտոմեքենաների չդադարող ազդանշաններով, նույնը տեղի է ունեցել դեպի Ջերմուկ ճանապարհին: Համընթաց ու հանդիպակաց ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև ճանապարհներին պատահող քաղաքացիները շատ բուռն են «ողջունել» Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ դարձել է Արթուր Ումրշատյանի պաշտոնանկության պատճառ: Ըստ նույն աղբյուրների, Ջերմուկում հանդիպումներից հետո ճաշկերույթի ժամանակ Փաշինյանը «քեֆը լավ»՝ հիշելով իր շարասյանը միջնամատ պարզած քաղաքացիներին, նման որոշում է կայացրել:

Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ դրա մեղավորը Պարեկային ծառայության ղեկավարն է: Թե ինչ պետք է նա աներ ՀՀ քաղաքացիների անզուսպ «սերը վայելող» Նիկոլ Փաշինյանին այդ տեսարաններից ազատելու համար, դժվար է ասել: Միգուցե նա ակնկալում էր, որ Արթուր Ումրշատյանը պետք է հատ-հատ այդ մարդկանց մատները կտրե՞ր…

Օրինակ, ի՞նչ արեցին Ալեն Սիմոնյանի մորը, որը պատշգամբից թքել և միջնամատ էր ցույց տվել ցուցարարներին, որի տեսանյութերը հեղեղել էին համացանցը… Ոչինչ էլ չարեցին:

Ինչևէ, Պարեկային ծառայության ղեկավարի՝ իր պաշտոնը կորցնելու իրական պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Ջերմուկ կատարած վերջին այցն է:

Տեսանյութեր

Լրահոս