Բաժիններ՝

Խաչի պարծանքը

«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ 6։14)։

Քրիստոնեության մեջ շատ վաղուց արդեն Խաչը խորագույն մեծարանքի առարկա է դարձել։ Խաչն ա՛յն օրվանից դադարեց գերիների տանջանքի համար նախատեսված գործիք լինելուց, երբ աշխարհին կտակեց իր վրա խաչված այն խեղճ Հալածվածին՝ մարդկության փրկության համար Ինքն Իրեն Զոհողին՝ նույն Ինքը՝ Աստծուն։

Գողգոթայի խավարում Հիսուսի արյամբ օծված Խաչն այնուհետև դարձավ քրիստոնյայի պարծանքը, և քրիստոնյա եկեղեցիները հոգու վսեմ վերհառնումով ու բարեպաշտ ներշնչանքով տոնախմբեցին Խաչի փրկարար խորհուրդը՝ ի հիշատակ Խաչափայտի վեր բարձրացման։

Հիշատակության այդ օրերին տոնն ու հավատքը մեկտեղվեցին մեր սուրբ Եկեղեցում, և Հայ Եկեղեցին մի կողմից տոնախմբություն էր կատարում ի տես բարեպաշտների, իսկ մյուս կողմից էլ հավատավոր հոգիների համար գեղեցիկ ու փրկարար դաս էր մատակարարում։

Կարդացեք նաև

Եվ երբ Եկեղեցին մի ձեռքով Խաչն է բարձրացնում, մյուս ձեռքով այդ Խաչի խորհուրդն է ցույց տալիս ու մեր աչքերի առջև է դնում առաքյալի պարծանքը․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։

Այն օրվանից սկսած, ինչ իրադարձությունների ընթացքի փոփոխությամբ պայմանավորված՝ փոխվեց նաև Խաչի ճակատագիրը, և այդ Խաչը միայն մարդկանց հերթական «պարծանքներից» մեկը դարձավ, այդ նույն մարդիկ սկսեցին որպես կռվան տարբեր կարծիքներ ու համոզումներ հայտնել և ընտրության զանազան եղանակներ մշակել իրենց այլևայլ «պարծանքներն» արդարացնելու համար։

Այդուհանդերձ, երբ սկսենք դասդասել մարդկության ստեղծած պարծանքների միջև առկա զանազանությունները և, դրանց բարոյական ու հոգեբանական նմանությունների վրա հիմնվելով, դրանք իրար կողքի դնենք, պիտի տեսնենք, որ մարդկանց համար միայն երկու տեսակի պարծանք գոյություն ունի․ դրանցից մեկը սուրբ Պողոսի պարծանքն է, իսկ մյուսը՝ աշխարհի պարծանքը։

Առաքյալն աշխարհին հայտարարում է, որ իր մեկ ու միակ պարծանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է։ Պողոսի շուրթերով խոսում է երբևէ կարկամած ու ապականված սրտի այն հավատքը, որը ձևավորվել է մտքի երկար տարիների պրպտումով և գիտական հետազոտությունների վրա հիմնված համոզումով, ու նաև կոփված է ձեռք բերած փորձառության արդյունքով։

Ահա այդպես է Պողոս առաքյալը խոսում ու հռչակում Խաչի պարծանքը՝ հիմվելով այն ըմբռնման վրա, որ աշխարհն իր համար խաչված է, և ինքն էլ խաչված է աշխարհի համար։ Ու այդ ամենի պատճառն այն է, որ հեթանոսների առաքյալը միայն Խաչի մեջ է տեսնում Աստծու վեհությունը՝ իր մեծավայելուչ բոլոր երանգներով զարդարված։

Նախքան իր հոգում Խաչի պարծանքն ամրագրելը, Պողոս առաքյալը՝ Գամաղիելի աշակերտը, իր ժամանակներում հայտնի մի գիտնական էր և, իմիջիայլոց, տվյալ ժամանակաշրջանում էլ նվազ պարծանք չէր համարվում Գամաղիելի աշակերտ լինելը։

Իր այդ առանձնաշնորհումով Պողոսը տարբերվում էր մյուս առաքյալներից, որովհետև երբ վերջիններս Գալիլիայի ծովակից մրմունջներ էին լսում կամ իրենց ձկնորսական գիշերները լուսազարդող աստղերն էին դիտում գեղջուկ անգիտակցությամբ, Պողոսն այդ բոլոր լույսերի, այդ բոլոր կոհակների ու փրփուրների մեջ «կարդում» էր այն թավշյա խորհուրդներն ու այն վառվռուն խոսքերը, որոնք պատմում էին Գերագույնի փառքի մասին։

Իր փարիսեցիական նախանձախնդրությունը պակաս պարծանք չէր Պողոսի համար՝ գոնե այն շրջանակում, որտեղ որ նա կոչված էր ապրելու ոչ միայն իբրև «հռոմեական քաղաքացի», այլև իբրև մի իսրայելացի, որի տոհմային կրոնի մասին ունեցած եռանդը նրան գիտնականի մոլեռանդության էր առաջնորդում։

Պողոսն իր ստացած դաստիարակության շնորհիվ կարող էր բարձր դիրք զբաղեցնել տաճարի կրոնական համակարգում, և սա ևս նվազ պարծանք չէր առաքյալի համար․ Պողոսի մոլեռանդ նախանձահուզությունը նրա հոգու շուրջը պարիսպ էր ստեղծել, որպեսզի այդպիսով Պողոսի անձի միջոցով Խաչի դատը հալածող մեկին պատրաստեր։

Նախապաշարմունքով լեցուն այդ պարսպից անդին խեղդված էր առաքյալի մաքուր պայծառատեսությունը, նրա հոգին բանտարկված էր վանդակի մեջ փոքր ու թևակտուր թռչնի նմանողությամբ, Պողոսի երգը ցավագին էր, զայրացկոտ ու վրեժխնդիր՝ իր մեջ միայն հեծկլտանք պարունակելով։

Այս բոլոր հատկանիշներն իրենց զգացնել պիտի տային, և ահա Ստեփանոսի աղոթաբույր ձայնի ելևէջները, նրա հրեշտակային հայացքը, որ ձգվում էր մինչև երկինք, նրա մարմնից կայլակող արյան բոսորը մի լայն խրամատ փորեցին Պողոսի հոգու բարձրաբերձ պարսպի շուրջը, որտեղից էլ որ ներս թափանցեց Խաչի ճառագայթը։

Դամասկոսի ճանապարհին հայտնված տեսիլքը Պողոսի հանդեպ վերջին հաղթանակն էր՝ նրանից Ավետարանի ընտիրագույն անոթ պատրաստելու համար։ Եվ ահա Պողոսը, իր իսկ եռանդից ու հույզերից գինովցած, ականատես եղավ, թե մի անմեղ նայվածքը, մի կաթիլ արյունն ինչպես կարող էին բավական լինել՝ փշրելու համար ա՛յն «պարծանքը», որը նա կարողացել էր իբրև հաստատուն և «հարատև» պարիսպ պատրաստել իր համար։

Պողոսը հասկացավ, որ ինքը պատրանքի մեջ էր, և մինչ այդ պահը խաբված ու սխալ ճանապարհի վրա եղած լինելու հոգեկան կսկիծը Պողոսի դարձի ու նոր պարծանքի նախաշավիղը եղավ։ Ճշմարտության ոգին ստանալուց հետո, երբ Պողոսի աչքերը բացվեցին, նա տեսավ, որ իր նախկին դիրքը, հմտությունը, փառքն ու քաղաքացիությունը չէին կարող իրեն տալ այն իրական պարծանքը, որին պետք է մարդ տենչա։

Մոլեռանդության ու կրքի մշուշը փարատված էր, և այժմ Խա՛չն էր նրան առաջնորդում ու ցույց տալիս Երկնքի ուղին։ Պողոսին ցույց էր տալիս նրա մեղքերն ու մոլորվածությունը և մատնացույց էր անում ա՛յն հավատքը, որն առաքյալը պիտի ունենար որպես Աստծու սիրուն, գթությանը և ողորմությանը արժանանալու ճանապարհ։

Պողոսն այդժամ միայն Խաչով էր խմորված, միայն Խաչի զորությունն էր նա զգում։ Եվ այդ պահից սկսած արդեն սխալ գաղափարներով որդեգրված Իսրայելն այլևս Պողոսինը չէր․ այժմ ավելի տևական ու ավելի լուսավոր մի Իսրայելի՛ էր Պողոսը պատկանում։

Առաքյալը զգում էր, որ ինքն այլևս երկրին չէր ծառայում, քանի որ ինչպես հենց ինքը՝ Պողոսն է ասում, «մեր քաղաքացիությունը երկնքում է» (Փիլիպ․ 3։20): Ուստի Պողոս առաքյալի հույսն ու հավատն այլևս իր պարծանքի՝ Խաչի՛ վրա էր հաստատված։

Պողոսն այլևս իր հոգու ողջ զորությամբ փարված և նվիրված էր այդ Խաչին, այնպես որ աշխարհում արդեն չկար որևէ այլ զորություն, որը կարող էր առաքյալին բաժանել Քրիստոսից՝ համաձայն հենց Պողոսի իսկ խոսքերի․ «Որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ․ 8։38-39)։

Առաքյալն իր կյանքով և մահվամբ արդարացրեց իր հավատքն ու իր պարծանքը։ Այդ հաստատուն հավատքով ապրող մարդու համար աշխարհը մեռած է, այն «խաչված» է, ինչպես որ ինքը՝ առաքյալն է ասում։ Ուստի և աշխարհային ոչ մի ժպիտ ու ոչ մի դյութանք այլևս չէր կարող հրապուրել մարդուն, և այդ նույն ձևով էլ, փոխադարձաբար, ինքը՝ մարդն էր մեռած աշխարհի համար։

Մարդն ու աշխարհն այլևս կորցնում են իրարով, իրար համար ապրելու և մեկմեկու վրա ազդելու ու ներգործելու զորությունը։ Պողոս առաքյալի համար պարծանք եղող Խաչի հանդեպ հավատքն էր, որ նրան թելադրեց գրելու հռոմեացիներին ուղղված այս խոսքերը․ «Այսպես, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով, որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմ․ 8։12-13)։

Առաքյալի սպանված մարմնում այս հավատքով ապրող հոգին էր, որ դիմում էր իր համար արդեն իսկ խաչված աշխարհին և ասում․«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։

Եվ այնչա՜փ մեծ էր առաքյալի հավատքն ու համոզումն իր ընտրած այս պարծանքի հանդեպ, որ նա նախընտրում էր մեռնել, ոչնչանալ, քան տեսնել, թե ինչպես է մեկն իր պարծանքն ընդունայն համարում․ «Լավ է, որ ես ավելի շուտ մեռնեմ, քան մեկն իմ պարծանքը ընդունայն համարի»,- ասում է առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում (Ա Կորնթ․ 9։15)։

Սուրբ Պողոսն իր պարծանքով ընդդիմանում է աշխարհի մարդկանց և նրանց պարծանքին։ Աշխարհի մարդիկ նրանք են, ովքեր միայն աշխարհի համար են ապրում և այդ աշխարհի հաճույքների, զեխությունների, գինովությունների, պատրանքների ու հաջողությունների մեջ են փնտրում իրենց պարծանքը։

Աշխարհի համար ի՞նչ արժեք ունի, որ գոյություն ունի մի Խաչ՝ առաքյալի պարծանքը, որը մխիթարում ու փրկում է, հուսադրում և զորացնում։ Նրանք իրենց բովանդակ ուժն ու եռանդն այնպե՜ս են ծառայեցնում հանուն աշխարհի ապրելուն, որ կարծես թե աշխարհն էլ իր գոյության ամբողջ ընթացքում նրա՛նց համար էր ապրած եղել։

Աշխարհի մարդկանց համար կյանքը պատահականություն է, իսկ մահը՝ դիպված, ուստի և միայն մարմնի վայելքն է նրանց գոյության նպատակը։ Այդ մարդիկ պատահաբար ձեռք գցած դիրքով, հարստությամբ, ուժով, գեղեցկությամբ և շողշողուն անդամանդներո՛վ են ցանկանում գեղազարդել իրենց պարծանքի պսակը։

Օ՜, ինչպիսի՜ խեղճ պարծանք և ի՜նչ ողորմելի պսակ այդ պարծանքի համար։ Առաքյալի պարծանքը նրան պատրաստակամ է դարձնում մինչև իսկ մեռնելո՛ւ Հիսուսի հետ և Հիսուսի համար, որովհետև առաքյալը մի ներքին համոզում ունի, «թե մեռնելով Հիսուսի հետ, Նրա հետ էլ պիտի ապրի» (հմմտ․ Բ Տիմ․ 2։11):

Մինչդեռ աշխարհի պարծանքը մարդուն սոսկումով է լցնում մահվան գաղափարի հանդեպ և նրան անընդունակ է դարձնում գերագույն զոհողությունների, մահվան մեջ միայն ոչնչություն է ցույց տալիս և վախճան է դնում մարդու բոլոր հույսերին, քանի որ աշխարհի այդ պարծանքն անկարող է մարդուն տալ վերապրումի մխիթարությունը։

Իսկ ահա առաքյալի պարծանքը վսեմ է և հավիտենական, որովհետև նրան իրավունք է տալիս ասելու, որ․ «Քրիստոս մեռավ ամբարիշտների համար (հմմտ․ Հռոմ․ 5։6), մեռավ մեր մեղքերի համար (Ա Կորնթ․ 15։3), ամենքի համար մեռավ (հմմտ․ Բ Կորնթ․ 5։14-15), մեզ և մանավանդ ի՛նձ համար մեռավ» (հմմտ․ Ա Թես․ 5։10)։

Մինչդեռ աշխարհի պարծանքը մարդուն ցույց չի տալիս աշխարհի մեջ մեկին, որն իրեն ապրեցնելու համար մեռած լինի կամ գեթ պատրաստ լինի մեռնելու։ Առաքյալի պարծանքն ամեն բանից առաջ փրկարար է, քանի որ առաքյալին ասել է տալիս, թե «Հիսուս աշխարհը սիրեց և մանավանդ ի՛նձ սիրեց իմ փրկությունն ապահովելու, իմ վշտերը մխիթարելու, իմ տկարությունները դարմանելու և իմ կյանքն ազատագրելու համար»։

Խաչի պարծանքն է, որ Պողոսին թելադրում է ասել հետևյալը․ «Քրիստոսի հետ Խաչը ելա. կենդանի եմ այսուհետև, բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս: Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հավատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ և Իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղ․ 2։20)։

Մինչդեռ աշխարհի պարծանքը մարդուն ցույց չի տալիս մեկին, որի անսահման սերն ու զոհաբերությունն իրեն զորացնում է փորձությունների ժամանակ, վհատումների և հանապազօրյա լքվածության մեջ։

Առաքյալի պարծանքը հավիտենական կյանքի պատկերով կենդանացնում ու դեպի Աստված է տանում մարդուն, մինչդեռ աշխարհի պարծանքը առաջնորդում է դեպի կորուստ, դեպի ոչնչացում․«Որովհետև չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ․ 4։4)։ «Գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մեջ, օտարանում ենք Տիրոջից․․․․ ուստի առավել ևս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից և Տիրոջ կողքին լինել» (հմմտ․ Բ Կորնթ․ 5։6-8)։

Եվ մի՞թե Հիսուս Քրիստոս բուն իսկ քրիստոնեության իրական հանգամանքը չէ, որ բանաձևում էր՝ անձնուրացության ոգին Խաչի գաղափարի մեջ խտացնելով և ասելով․ «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր Խաչը մշտապես վերցնի և գա Իմ հետևից» (Ղուկ․ 9։23)։

Միով բանիվ՝ առաքյալի պարծանքը վարձատրության է արժանացնում, իսկ աշխարհի պարծանքը պատժի է հանգեցնում, առաքյալի պարծանքը՝ իբրև խանձարուր, բեհեզ է հագցնում մարդու կյանքին ու հոգուն, մինչդեռ աշխարհի պարծանքը սարդոստայն է միայն, որը՝ որպես պատանք, հյուսում է խաբուսիկ հաճույքներ, սերեր, հղփացումներ ու կյանք․․․

Վարագա Խաչի տոնն իր խորհրդավորությամբ մեր մտքում մի կողմից բյուրավոր հակադրություններ է առաջացնում, որոնք առաքյալի պարծանքի և աշխարհի պարծանքի տարամիտություններն են ցույց տալիս՝ դրանց արդյունավորած պտուղներն ու մեզ ներշնչած հույսերը և ունայնությունները մատնացույց անելով։

Մյուս կողմից էլ, սակայն, Վարագա Խաչի այս տոնը ցույց է տալիս այն մասնավոր օգտակարությունը, որն ունի այս տոնը որպես Խաչի պարծանքի ազգային դրսևորում, որ մեզ մի պահ առիթ է տալիս դիտելու երկու բարձունքները՝ Գողգոթան և Վարագան, ինչպես նաև հայացք գցելու այն երկու կանանց, որոնք երկու բարձունքներին փարված՝ առաքյալի պարծանքով լալիս են և սիրում․ Մագդաղենացին և Հռիփսիմեն էին նրանք։

Մագդաղենացին Փրկչի ողջ Խաչն էր գրկել՝ Հիսուսի տաք արյամբ թրջվելով, իսկ Հռիփսիմեն այդ Խաչից միայն մի մասունք ուներ իր կրծքի վրա։ Սակայն այդ երկու կանայք էլ սկզբում բավականին հեռու էին Խաչի խորհրդից․ մեկը՝ իր կործանված կյանքի ողջ ունայնությամբ, իսկ մյուսն էլ՝ պալատի հաճույքներից արբեցած լինելու պատճառով։

Խաչը հավասարեցրեց այս երկու կանանց․ Հիսուսով զորացած Մարիամը վեր կացավ այն տեղից, ուր խրված էր նրա մարմինն ու հոգին, թոթափեց իր վրայից անկման արատները և փարվեց Խաչին՝ որպես փրկության խարսխի։

Իսկ Հռիփսիմեն էլ վար իջավ իր կյանքի հեշտալի պատվանդաններից՝ իր ուսերից թոթափելով ծիրանիների «լուծը» և դեպի Խաչը վազեց լույսին վազող թիթեռնիկի նման։

Մարիամն իր աչքերի տակ արցունք ուներ թաքցրած, և խաչված Հիսուսի հանդեպ տաք ու թրթռուն մի սեր ուներ իր սրտի խորքում։ Հռիփսիմեն նահատակի անդրդվելի հավատք ուներ իր հոգում, և մարտիրոսության կուսական արյունն էր հոսում նրա երակներում։

Մագդաղենացին «արտասվող» սեր եղավ, խաչի ու գերեզմանի շուրջը դեգերող մի սեր, իսկ Հռիփսիմեն ինքնաչարչար ու անձնուրաց հավատք եղավ՝ աշխարհի հեռավոր անկյուններում ծվարած։

Մագդաղենացին Խաչի փրկության ու պարծանքի ավետավոր ձայնը եղավ ամբողջ մարդկության համար՝ նույնիսկ խավար գերեզմանի ծոցում, իսկ Հռիփսիմեն Խաչի միևնույն փրկության ու պարծանքի կենդանի քարոզը եղավ՝ Հռոմից մինչև Երուսաղեմ և այնտեղից էլ մինչև Վարագա, որտեղ որ Խաչը տրվեց մեզ, և Կյանքի խորհրդանիշ եղող Խաչափայտի այդ մասունքը արբեցում շնորհեց մեր ծարավի սրտերին։

Հռիփսիմեի շնորհիվ էր, որ մենք ընտելացանք Խաչին ու հաղորդակցվեցինք Խաչափայտին՝ լույսերով օծվելով, և Վարագա Խաչը մեր հոգևոր փրկության, մեր սիրո ու հավատքի, մեր հույսի և մեր պարծանքի ամենաանբիծ ու ամենաառանձնահատուկ տոնը եղավ մեզ՝ հայ քրիստոնյաներիս համար։

Պատմությունը ցույց է տալիս, որ Հռիփսիմեն ևս անցել էր աշխարհիկ կյանքի բոլոր դասակարգերի միջով՝ գեղեցկության ու շնորհի, հարստության ու դիրքերի տեր էր եղել, երբ դեռևս Քրիստոսին չէր պատկանում։ Սակայն երբ Հիսուսի շնորհով լցվեց, նա աշխարհին վերադարձրեց այդ ամենը և, առաքյալի հավատքով կենդանացած, նրան ձայնակից եղավ՝ որդեգրելով առաքելական պարծանքն ու ի լուր աշխարհի ասելով․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար (Գաղ․ 6։14)»։

Աշխարհի և Խաչի պարծանքների միջև ընտրություն կատարելու հարցում մենք կարող ենք նայել դրանցից յուրաքանչյուրի «ծնունդ» տված պարգևներին և այլևս տարակույս չենք ունենա՝ գիտենալու, թե ո՛րն է մինչ այժմ եղել մեր պարծանքը։

Շատ հաճախ մարդն իր ընտրության կամ կատարած արարքի տխուր հետևանքներն է մատնանշում՝ առանց հիշատակելու, թե ինչպիսի պատճառների բերումով է այդ արդյունքին հանգել։

Եկել է ժամանակը, որ մենք այսօր խելամուտ լինենք այդ պատճառներին և վերլուծենք մեր կյանքի երևույթներն ու դրանց լծորդված հանգամանքները։ Սիրելի՛ եղբայրներ, մենք մեր կյանքի ընթացքում ավելի շատ աշխարհին ենք հարել, և չենք կարող ուրանալ այդ տխուր հանգամանքը։

Մեր գործերի ու մեր վարմունքի կենդանի վկայությունը մեկն է այն անհերքելի փաստերից, որոնք մեր ընտրած «աշխարհի պարծանք»-ի՝ սխալ ըմբռնված և թյուր մեկնաբանված ճշմարտությունն են վկայում։ Մինչև այժմ պարծանքի ընտրության հարցում որքա՜ն տկար է եղել մեր միտքը և որքա՜ն անհաստատ ու թույլ է եղել մեր կամքը։

Հաճախ մենք գերի ենք դառնում երկու՝ իրար հակադիր տկարությունների, և այդ ընտրության ժամանակ մեր կամքի ու սրտի միջև առկա հակառակությունների ենք ականատես լինում։

Իսկ ահա մեր ընտրած պարծանքին ենթակա եղած ժամանակ էլ թուլանում, տկարանում ու ընկնում ենք մե՛րթ առաքինության կամ Խաչի պարծանքի, և հաճախ էլ՝ մոլությունների կամ աշխարհի՛ պարծանքի գիրկը։

Ցավալի է, որ մինչև այժմ մենք այնքա՜ն անարժան քրիստոնյա ենք եղել, որ կորցրել ենք մեր հոգեկան հավասարակշռությունը և, մի ձեռքով Խաչին հակվելով, մյուս ձեռքով մեր հաստությանը, մեր գեղեցկությանն ու մեր զորությանն ենք փարվել։ Խաչի պարծանքը որդեգրելու ընթացքում մենք ավելի շատ աշխարհո՛վ ենք հղփանում և, ձեռքներս մաճի վրա դրած, հայացքներս մշտապես դեպի հետ ենք հառում (տե՛ս Ղուկ․ 9։62)։

Մեկ խոսքով ասած՝ մենք նմանվում ենք «բարեպաշտ», բայց և միևնույն ժամանակ խորամանկ վաճառականի, որը կիրակի օրը փակում է իր վաճառատունը, սակայն գաղտնի դռնից հաճախորդ է ընդունում՝ Աստծուն հրապարակավ փառաբանում է, սակայն գաղտնապես ուրանում է Նրան։

Առաքյալի պարծանքն ու աշխարհի պարծանքն իրարից զանազանվող երկու իրականություններ են, որոնք ո՛չ կարող են փոխարինել միմյանց, և ո՛չ էլ կարող են շփոթվել։ Ընտրեք կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։

Խաչի պարծանքի և աշխարհի պարծանքի միջև ընտրությունը կյանքի և մահվան ընտրությունն է։ Ահավասիկ, ընտրե՛ք, սիրելիներ․ մեզնից յուրաքանչյուրն ունի այդ իրավունքը, որովհետև ընտրելու ազատությունից կախում ունի մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը։

Մենք մատնացույց արեցինք այդ երկու՝ իրարից տարբեր պարծանքների տեղը մարդկային կյանքում, նրանց կողմից մեզ պարգևված մխիթարությունների արժեքը, զորությունը, հույսի տևականությունն ու չափը։ Այդ հարցում այլևս կասկածի տեղիք չկա․․․

Խաչի ընտրությունը հավատք է, որը բնավ չի դրժվում, պարծանք է, որ սահմանված է անմահության համար․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով», – բացականչում է սուրբ Պողոսն այն ժամանակ, երբ իր շուրջը շարունակաբար, դարերի հոլովույթում տեսանելի է դառնում, թե ինչպես է աշխարհի պարծանքը կործանվում, գեղեցկությունները՝ եղծվում, ուժերը՝ սպառվում, և հարստությունները՝ ոչնչանում ճակատագրի կամ բնության մեկ ապտակով, մինչդեռ Խաչի պարծանքը շարունակ ապրում և ապրեցնում է յուրայիններին՝ նրանց ներշնչելով այն ամենը, ինչը հավիտենականություն է ապահովում։

Մարդկային հոգին աստվածային խորհուրդներով, անտեսանելի հարստություններով, գեղեցկություններով և ուժերով լեցուն մի կղզյակ է մեր մարմնի ճահճուտում։

Այդ հարստությունները համադրելու, այդ խորհուրդներն ի կատար ածելու և դրանք մարդկային հասարակությանը, մեր նմաններին ու մեզ իսկ ծառայեցնելու հարցում մենք պիտի ջանքեր գործադրենք և միջոցներ ձեռք առնենք մեր պարծանքի իրական բնույթին ծառայելու համար։

Մեր շուրջը տեղի ունեցող երևույթները շատ հաճախ հաջողում են մեր հոգու ամենաբարի զգացումներն անգամ չարին ծառայեցնել և այդպիսով՝ մեր թույլ ու մեղավոր վարմունքի պատճառով խեղդվում ենք մեր մարմնի ճահճի մեջ և մեր ընտրած «աշխարհի պարծանք»-ի շուրթերով բացականչվող բառերը, նրա՝ մեզ շնորհած «երջանկությունն» ու հաճույքները կուրացնում են մեզ, որի հետևանքով էլ անկարող ենք դառնում մեր հոգին զգալուն, մենք անկարող ենք դառնում Խաչի պարծանքով պարծենալուն։

Այո՛, աշխարհը շահագործում է մեզ, նա մեզ գործիքի է վերածում իր ծրագրերի հաջողությունն ապահովելու, մեզ իր ցանցի մեջ մեզ գցելու և իր հաճույքների մեջ խեղդելու համար, մինչդեռ Խաչի պարծանքը մեզ համար հաղթանակներ է պատրաստում։

Մենք պետք է հաղթանակենք Հիսուս Քրիստոսով, որովհետև ա՛յդ է քրիստոնյայի կոչումը (տե՛ս Հռոմ․ 8։37, 12։21)։ Մենք պետք է ասենք սուրբ Պողոսի հետ․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով»։

Մենք պետք է աշխարհը գործածենք ու կիրառենք մեր շնորհների ու մեր հավիտենական հույսերի զորությամբ, պետք է այդ աշխարհը Խաչո՛վ ու հանուն Խաչի՛ արդյունավորենք և Աստծու՝ մեզ պարգևած շնորհներն ու կարողությունները մեր այդ հավիտենական պարծանքին ու մեր կյանքին ծառայեցնենք՝ սուրբ Պողոսի հետ բացականչելով․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։

Ձեզ ամենքիդ հոգու այդ բարձունքը, հավատքի այդ համոզմունքը և պարծանքի այդ անթառամ պսակն եմ մաղթում։

Մուշեղ ծ․ վրդ․Սերոբյան (Կոստանդնուպոլսեցի), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ․ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս