Կանգառասրահների նստարանները ներկե՞լ են, սխալ են արել․ Քաղաքապետը՝ Հայկ Սարգսյանին
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհել էր կանգառասրահներից՝ հայտնելով, որ նոր դրված կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են և, քանի որ հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված կա, պետք է ծանուցել պատասխանատու կազմակերպությանը։
Այսօր Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանին քաղաքապետը հարցրեց․ «Հիշո՞ւմ եք, անցած գործակարգավարականին ասացի․ կանգառասրահները ներկե՞լ են»։
Հայկ Սարգսյանը դրական արձագանքեց, ինչին ի պատասխան՝ Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Սխալ են արել։ Տեխնիկական բնութագրով գրված է, որ պետք է փոշեներկված լինի, ինչը նշանակում է, որ դա վառարանի մեջ պետք է անցնի։ Իսկ իրանք սահմանափակում են այդտեղ դրել, լենտերն էլ օդում թռնում են, ես եմ կտրել։ Նենց որ, մրցույթը հաղթող կազմակերպությունը, որն արել է դա, ենթադրում եմ՝ բոլոր նստարանները նույն ձև է արել՝ չի փոշեներկել»։
Հայկ Սարգսյանն էլ նշեց, թե կտան փորձաքննության։
«Փորձաքննություն պետք չէ, ակնհայտ երևում է, որ փոշեներկված չէ։ Պետք է նստարաններն առանձնացնի, տանի վառարանի մեջ փոշեներկում իրականացնի, բերի։ Ու պետք չէ որտեղ ես եմ բնակվում, այդտեղի կանգառները մենակ այդպես անել։ Բոլոր տեղերում բնակվում եմ, այնպես որ, կարող են փոխել»,- շեշտեց քաղաքապետը։