Ի՞նչ է բերել Խովաևը Հայաստան
Նախօրեից մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցը Հայաստանի Հանրապետություն։
Ռուս դիվանագետը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին, Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:
«Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Միրզոյանն ու Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
«Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Իսկ ԱԽՔ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Հատկանշական է, որ Խովաևի այցին նախորդեց ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ժեստը․ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում, խոսելով ԼՂ հակամարտության հարցի մասին, ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևն օրերս ասել էր, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են՝ ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։
Խովաևի այս այցից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեցին ՌԴ պատրաստակամությունը Մոսկվայում հյուրընկալել Միրզոյան-Բայրամով հանդիպում Սերգեյ Լավրովի հովանու ներքո։
Խովաևը նաև այն ռուս դիվանագետն է, ում անունը կապվում է վերջին շրջանում՝ մոտավորապես մեկ տարվա կտրվածքով, Հայաստանին առաջարկված կարգավորման ամենահայամետ փաթեթի հետ, և այդ փաթեթը ստացել է «Խովաևի պլան» անվանումը։
ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ այդ պլանին իրենց համաձայնությունը տվել են դեռևս սեպտեմբեր ամսին, սակայն մինչ դա բանակցում էին արևմտյան հարթակում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և Վաշինգտոնում, իսկ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպմանը բովանդակությամբ լիովին տարբեր հայտարարություն համաձայնեցրին, որից հետո սկսեցին ակտիվորեն խոսել ռուսական առաջարկների մասին։
Իսկ ըստ ռուսական կողմի՝ Պրահայում համաձայնեցված փաստաթուղթն ավելի անորոշ դարձրեց ռուսական կողմի աշխատանքն ու առաջարկները։ Իսկ դեկտեմբերին հայկական կողմը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում նախատեսվող Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը Լաչինի միջանցքի փակման պատճառաբանությամբ։
Սակայն կողմերը, ինչպես երևում է և ինչպես հաստատեց օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանակվում են առաջարկներով և աշխատանքը լիովին դադարեցված է։
Այս ֆոնին ուշագրավ է՝ ի՞նչ առաջարկներով, ի՞նչ փաթեթով է Երևան ժամանել Իգոր Խովաևը, արդյո՞ք նախկին առաջարկներն ուժի մեջ են, թե՞ ոչ, և արդյո՞ք Պետր Իլյիչևի օրերս արած հայտարարությունը այս այցից առաջ կապ ունի Խովաևի այցի ու դրա բովանդակության հետ։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Խովաևի այցը սպասելի է, սակայն այն կարելի է բացատրել մի քանի հանգամանքներով։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ օրերս Միացյալ Նահանգները տարածաշրջանում նոր դիվանագետ նշանակեց, որը պետք է զբաղվի բանակցային գործընթացով, ինչպես Խովաևը Ֆիլիպ Ռիքերի փոխարեն։
Ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ նոր դիվանագետն առաջիկայում կայցելի ռեգիոն, ուստի գուցե ռուսական դիվանագիտությունը որոշել է առաջ ընկնել այդ այցից և որոշակի առաջարկներով հանդես գալ, փորձել առաջ մղել ռուսական հովանու ներքո բանակցային գործընթացը, քանի որ ակնհայտ է, որ ամերիկացի նոր դիվանագետը փորձելու է հանդիպում կազմակերպել և առաջ մղել վաշինգտոնյան պրոցեսը։
«Բացի այս ամենը, ռուսական կողմն աշխատում է կողմերի հետ, առաջարկներ են փոխանակվում, բնականաբար, բազմաթիվ հարցեր կան քննարկելու կողմերի հետ։ Ռուսաստանն անընդհատ առաջարկում է նախարարական հանդիպում կազմակերպել, վստահաբար՝ Երևանում այդ առաջարկը և դրա հնարավորությունները քննարկվել են։ Բայց ես չեմ կարծում, թե ինչ-որ նոր առաջարկներ է պատրաստել ռուսական կողմը, եթե ԱԳ նախարարը նշում է, որ կա անորոշություն, իսկ մյուս կողմից խոսվում է ԼՂ անորոշ կարգավիճակի մասին։
Ավելի հավանական է կարծել, որ ՌԴ-ն ձեռքը պահում է իրավիճակի զարկերակի վրա՝ փորձելով շփումներ կազմակերպել և հասկանալ կողմերի տրամադրությունները Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։
Ուստի սա պետք է դիտարկել գործընթացի մեջ, որտեղ ՌԴ դիրքորոշումներն էական փոփոխություն չեն կրել, քանի որ ՌԴ-ն նաև չունի այդ ռեսուրսն ու ժամանակը՝ կողմերի համար ինչ-որ նոր բաներ մշակելու համար»,- ասաց նա։