Մինչև 2026 թվականը վատ վիճակում հանրային առողջապահական ենթակառուցվածք չպետք է ունենանք․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակ ունեն մինչև 2026 թվականը բարելավել հանրային առողջապահական հիմնարկների շենքային պայմանները։ Այս առումով վարչապետը կարևորեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության ընդունումը

«Մինչև հիմա ոլորտում շատ լուրջ փոփոխություններ և ներդրումներ ենք ունեցել, բայց շատ կարևոր է համապարփակ պատկերացում ունենալ առաջիկա անելիքների մասին։ Ընդգծեմ, որ ունենք նպատակադրում և պայմանավորվածություն, որ մինչև 2026 թվականը Հայաստանում վատ վիճակում գտնվող հանրային առողջապահական ենթակառուցվածք պետք է չունենանք։ Նկատի են առնվում հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, ամբուլատորիաները։ Նաև առողջության պահպանման առաջին օղակի զարգացումն է ամենակարևոր անկյունաքարը այս ռազմավարության, որպեսզի այնպես անենք, որ մարդը ոչ թե հիվանդանա, հետո ջանքեր գործադրենք, որ իրեն բուժենք՝ որոշ դեպքերում հաջող, որոշ դեպքերում ոչ այնքան, այլ ամեն ինչ անենք, որ հնարավորինս քիչ մարդկանց մոտ հիվանդությունը զարգանա այն աստիճան, որ հիվանդանոցային միջամտության անհրաժեշտություն լինի։ Եվ, իհարկե, այս գործում առողջապահության համապարփակ ապահովագրությունը այն սյունն է, որի շուրջ այս բովանդակությունը պետք է կառուցվի»,- ընդգծեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս