Դաշնակցության օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումը. ՀՅԴ

Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունները Հայաստանի վրա։ Բանախոսն անդրադարձել է ինչպես համընդհանուր զարգացումներով պայմանավորված իրողություններին, այնպես էլ առանձին երկրներում ստեղծված իրավիճակների վերլուծությամբ ներկայացրել հայկական համայնքների խնդիրներն ու կարիքները։

Հանդիպման օրակարգում գլխավոր հարցերից մեկը հանդիսացել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանգամանորեն  անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և այդ համատեքստում ներկայացրել ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների, հանձնախմբերի, ուղեկից միությունների կատարած աշխատանքները, որոնք ամբողջությամբ ուղղված են թե՛ Արցախի ապաշրջափակմանն ու սոցիալական կարիքներին օժանդակելուն, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներին, թե՛ Արցախյան հիմնահարցի կարգավորման հայանպաստ ձևաչափերի վերականգնմանը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը փաստել է, որ Դաշնակցության խնդիրը եղել և մնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, իբրև համահայկական մեկ ամբողջության, վերականգնումը, և ողջ ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու այդ նպատակին։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը  փաստել է, որ Դաշնակցությունն իր աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ է Արցախի ղեկավարության և պատասխանատու պաշտոնյաների հետ։ Հակառակ դրան՝ ՀՅԴ-ն շարունակում է արմատական հակասությունների մեջ գտնվել ՀՀ գործող իշխանությունների հետ, և, ՀՀ իշխանությունների հակապետական, հակաարցախյան և հակազգային քայլերի ու ծրագրերի չեզոքացմանը զուգահեռ, Դաշնակցության օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում  ազգային  իշխանության ձևավորումը։

Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին՝ տալով լրացուցիչ պարզաբանումներ։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

փետրվարի, 2023

Տեսանյութեր

Լրահոս