Պետք է համոզված լինենք, որ զինվորական համազգեստ կրողը համապատասխանում է չափանիշներին. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին օրենքի նախագիծը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց օրենքի նախագծով սահմանված  մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը: Այդպիսի զինվորական պաշտոններ զբաղեցնող բոլոր կազմերի, պայմանագրային զինծառայողների կողմից կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգը: Զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:

«Մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը ներառում է՝ համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը»,- ասաց ՊՆ նախարարը:

Նրա խոսքով՝ ատեստավորումն իրականացվում է Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում և 10 հանձնաժողովների միջոցով.

Կարդացեք նաև

«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը:

Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»:

Փաշինյանն էլ արձագանքելով նախարարին, ասաց, որ փաստացի սկսում են զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով՝ կախված կոչումից, պաշտոնից, հաստիքից, զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի.

«Խոսքը միջին զինվորական ծառայություն իրականացնող մեր գործընկերների մասին է»:

Պապիկյանը հավելեց, որ արդեն իսկ մարտական հերթապահություն իրականացնող կրտսեր-ենթասպայական կազմի աշխատավարձը բարձրացրել են.

«Ձեր կողմից հանձնարարություն կար, որ շարքային պայմանագրայինների աշխատավարձը, որն իր մեջ ներառելու է մինչև կրտսեր ենթասպայական կազմը, ամենաբարձր աշխատավարձի չափով կրկնապատկել ենք այդ աշխատավարձը: Ըստ էության մարտական հերթապահությունը ներառյալ 211.000 դրամ աշխատավարձը կրկնապատկելով՝ սահմանել ենք 422.000 դրամ, մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում: Ըստ էության հանձնարարությունը կատարված է»:

Փաշինյանն էլ այս համատեքստում մի դիտարկում արեց.

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ, եթե որևէ մեկը կրում է զինվորական համազգեստ, ուրեմն նա համապատասխանում է շատ կոնկրետ չափանիշների և հենց ինքնին ծառայության փաստը այդ չափանիշի վկայություն է»:

Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ ատեստավորումը չանցած զինծառայողները չեն զորացրվելու, այլ շարունակելու են նախկին պայմաններով շարունակել ծառայել, սակայն նրանց կտրվի ատեստավորումն անցնելու ևս 2 հնարավորություն, որից հետո արդեն Կառավարությունը որոշում կկայացնի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս